Քաղաքական - Հանձնաժողովի նիստին որևէ անգամ օրակարգ չեք ներկայացրել, եկել նստել, «Ջոկոնդայի ժպիտով» ժպտացել, քվեարկել կամ չեք քվեարկել ու գնացել եք. Նաիրա Զոհրաբյանը՝ Թագուհի Ղազարյանին

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:

Հիմնական զեկուցողն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով նախ ընթերցեց մի քանի պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը և նշեց, որ այն այլ պատգամավորների կողմից միանալու համար բաց է:

«Վերահաստատելով մեր հավատարմությունը ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված քաղաքացիական համերաշխության նպատակին, վերահաստատելով մեր հավատարմությունը կարծիքի արտահայտման և հավաքների ազատության սահմանադրական երաշխիքներին, ինչպես նաև խտրականության սահմանադրական արգելքին՝ խստորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության և նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների և լրագրողների դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների, խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի և ոտնձգության դրսևորումները, ատելության և թշնամանքի հրահրումը և խրախուսումը այն բոլոր դեպքերում, երբ այդ գործողությունների մեջ կա հանցակազմ, ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ գործողությունները»,- նշեց նա:

Կարապետյանը նշեց, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք ունենալու սեփական կարծիք և այն ազատ արտահայտել, ինչպես նաև փնտրել, ստանալ և տարածել գաղափարներ, կազմակերպել և մասնակցել խաղաղ, առանց զենքի հավաքներ: «Այս երկու ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով»,- ասաց նա:

Ապա Կարապետյանը նշեց, որ որոշակի ակցիաների շրջանակներում հնչում են կարգախոսներ, որոնք համակրելի են հանրության այս կամ այն շրջանակների կողմից, սակայն այդ ակցիաների ժամանակ օգտագործվում են մեթոդներ, որոնք դատապարտելի են: «Այստեղ շատ կարևոր է ազատ խոսքի և մարդու արժանապատվության միջև նուրբ գիծը պահպանելը»,- ասաց նա:

Նշենք, որ պատգամավորների ստորագրած կոչում խոսվում է որոշ վիրավորական արտահայտություններ, անձնական վիրավորանքներ հնչեցնելու դեպքերը քրեականացնելու մասին: «Որոշ ձևեր չեն քրեականացվի, բայց կարևոր է, որ հանրությունն իմանա, որ դրանք խրախուսելի ձևեր չեն արտահայտվելու»,- ասաց նա:

Ապա ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանի և Թագուհի Ղազարյանի կողմից մեղադրանքներ հնչեցվեցին, որ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովն ակտիվ չի աշխատում, ինչը դուր չեկավ հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:

Զոհրաբյանը նշեց, որ պետք չէ իրար հասցեին մեղադրանքներ հնչեցնել: «Ես կողմ եմ, որ հանձնաժողովն ակտիվ աշխատի, և կողմ եմ, որ ձեզ այս մեկ տարվա ընթացքում լսեի, ներկայացնեիք մի որևէ օրակարգ, թե եկեք այս օրակարգի շուրջ քննարկում կազմակերպենք»,- ասաց նա և հավելեց.

«Որևէ անգամ ո՛չ Դուք, տիկին Կարապետյան, ո´չ Դուք, տիկին Ղազարյան, չեք ներկայացրել: Ձեզ խնդրել եմ, տիկին Ղազարյան, եկեք կազմակերպենք քննարկում բռնության ենթարկված կանանց վերաբերյալ, Դուք որևէ թուղթ չեք բերել: Դուք գիտե՞ք, թե ես երեկ քանի հոգեբուժարան եմ գնացել, եթե ես ամեն օր դա ֆեյսբուքում չեմ ճտացնում, դա չի նշանակում, որ չենք անում»:

Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ հորդորեց, որ մեղադրանքներ չհնչեցվեն: «Ես համբերատար եմ, բայց երբ անցնում են արդարության սահմանը, ես թույլ չեմ տա դա: Որևէ անգամ օրակարգ Դուք չեք ներկայացրել, տիկին Ղազարյան, եկել նստել եք, «Ջոկոնդայի ժպիտով» ժպտացել եք, քվեարկել եք կամ չեք քվեարկել, գնացել ենք»- ասաց նա:

Թագուհի Ղազարյանն էլ նշեց, որ մեղադրանքներ հիմա Զոհրաբյանն է հնչեցնում և որ պետք չէ իր վրա «մունաթ գալ»:

Զոհրաբյանն էլ նշեց, որ նա ասում է, թե հանձնաժողովը չի աշխատում:

Մարիա Կարապետյանն էլ Զոհրաբյանին ասաց, թե վերջինս գրգռված է և առաջարկեց անցնել նիստի օրակարգին: Զոհրաբյանը հակադարձեց, թե ինքը շատ հանգիստ է:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ