Տնտեսություն - Խոշոր բիզնեսի նկատմամբ վիրահատական մեխանիզմները կարող են ցավոտ լինել երկրի տնտեսության համար. Գագիկ Մակարյան

Ի տարբերություն փոքր և միջին բիզնեսի ոլորտում առկա դրական տենդենցին` խոշոր բիզնեսը երկրից դուրս բերելու հարցը շարունակում է օրակարգում մնալ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«ՓՄՁ-ների հարցում աճի տենդենցը նկատելի է, բիզնեսի բազմաթիվ նոր գրանցումներ են եղել, բացի դրանից կա ոգևորություն այս ոլորտում, և բիզնեսը երկրից դուրս բերելու և տեղափոխելու հարցը վերաբերում է միան խոշոր բիզնեսին կամ օլիգարխներին, որոնք ունեին անհանգստություններ՝ իրենց անցյալի պատմություններով պայմանավորված»,- ասաց նա:

Ըստ Մակարյանի՝ խոշորի նկատմամբ վիրահատական մեխանիզմները կարող են ցավոտ լինել երկրի տնտեսության համար: «Ես ասել եմ՝ անցյալը փորփրելը պետք է շատ զգույշ արվի, շատ հանգիստ ու վարպետորեն, ոչ թե պետք է լինի վիրահատական մեխանիզմներով, որոնք կարող են ցավոտ լինել երկրի տնտեսության համար»,- ասաց նա և նշեց, որ այս հարցում կարևոր է երկխոսության դաշտ ստեղծել:

Մակարյանի խոսքով՝ նրանցից փող խլելն ու սոցիալական խնդիրներին ուղղելը տնտեսությանը, միանշանակ, վնաս են:

«Նախկին օլիգարխներից փողը խլելով՝ մենք չպետք է ուրախանանք, որ խլեցինք, ու բյուջեն լցվեց, քանի որ բյուջեն լցվելուց հետո պետությունն այդ փողն ավելի շատ օգտագործում է սոցիալական նպատակներով՝ աշխատավարձերի  բարձրացման կամ համայնքների զարգացման համար, բայց հարցն այն է, որ նաև այդ խլված փողի տեղը պետք է փող դրվի: Եթե բիզնեսից այդ փողը վերցնում են, տեղն իր մոտ վակուում է առաջանում, և ինքը պլանավորվածության ռեժիմից ընկնում է»,-ասաց նա:

ՀԿ նախագահի խոսքով՝ սոցիալական խնդիրները լուծելու համար երկխոսության գնալով տվյալ բիզնեսներին պետք է հնարավորություն տալ տնտեսապես զարգանալ: «Եթե ոչ առաջարկել, ապա գոնե հորդորել, որ մենք քո փողը, ենթադրենք, այսքան մասով հարկում ենք, որովհետև այսքան հաշվարկով այսպես ենք գտնում, բայց այսքան մասը կարող է լինել կոմպրոմիսային լուծում, թույլ ենք տալիս, որ դու նորից դնես բիզնեսի մեջ, բայց դու հիմնադրես բիզնեսներ մեր ասած ոլորտներում, համայնքներում, որպեսզի այդ ճյուղերը տնտեսապես զարգանան, և զբաղվածությունը ավելանա: Միանշանակ համոզված եմ, որ այդ բիզնեսմենը կընդունի այդ առաջարկը»,- ասաց նա:

 tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ