Քաղաքական - Գազի գնի բարձրացումն ամենահավանական սցենարներից մեկն է. հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ կան, որոնք չեն լուծվում. Արմեն Մանվելյան

Հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ կան, որոնք չեն լուծվում: Հետևաբար, այս պահին գազի գնի բարձրացումն ամենահավանական սցենարներից մեկն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության  և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը: «Հարաբերությունները բավականին բարդ են, քան երբևէ: Երբ հայկական կողմին կհաջողվի առկա խնդիրները, ավելի շուտ՝ պաշտոնական Երևանի ստեղծած խնդիրները լուծել, ես չգիտեմ»,- նշեց նա: Արմեն Մանվելյանը նկատեց, որ հոկտեմբեր ամիսն է, բայց Կառավարության և Գազպրոմի միջև բանակացություններում հստակություն չկա. «Եթե չկա հստակություն, նշանակում է՝ կան խնդիրներ, որոնք կողմերը չեն կարողանում հաղթահարել»:

- Պարո՛ն Մանվելյան, վերջին օրերին չեն դադարում Գազպրոմի կողմից Հայաստանին վաճառվող գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները, տարբեր թվեր են նշվում՝ 20, 30 տոկոսով բարձրացում: Կա՞ն հիմքեր նման կանխատեսումների համար, որքանո՞վ եք հավանական համարում, որ 2020 թ.-ի հունվարից գազի գինը կբարձրանա ՀՀ-ի համար:

- Հիմքերի համար չեմ կարող ոչինչ ասել, որովհետև ինձ էլ մամուլից են հայտնի այդ խոսակցությունները: Իսկ հավանականությունը պայմանավորված է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների քաղաքական որակից: Եթե այստեղ իսկապես քաղաքական առաջընթաց դրսևորենք, հնարավոր է, որ գազի գինը չբարձրանա:

- Միայն քաղաքակա՞ն բաղադրիչն է այստեղ ազդեցիկ գործոն:

- Միայն քաղաքականը չէ, բայց այս պահին հիմնականը դա է, տնտեսական պատճառներ չկան:

- Ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակը, ի՞նչ մակարդակում են դրանք:

- Հայ-ռուսական հարաբերությունները մի քանի ուղղություն ունեն: Դրանցից մեկը հենց մի քանի օր առաջվա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն էր, որը բավականին լավ անցավ, բարձր մակարդակում, բայց բացի ԵԱՏՄ-ից, կան ուղղակի հայ-ռուսական հարաբերություններ, որոնց որակը՝ պայմանավորված վերջին մեկուկես տարվա իրադարձություններով, բավականին ընկել է: Ասել, որ այս պահին հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են առավելագույն լավագույն վիճակում, չեմ կարող: Դրանք բավականին բարդ են, քան երբևէ: Երբ հայկական կողմին կհաջողվի առկա խնդիրները, ավելի շուտ՝ պաշտոնական Երևանի ստեղծած խնդիրները լուծել, ես չգիտեմ: Ամեն դեպքում, գազի գինը այն չափորոշիչն է, որը որոշում է այդ հարաբերությունների քաղաքական որակը:

- Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակը հաշվի առնելով՝ ինչ եք կարծում, հունվարից Հայաստանի համար կրկին կբարձրանա՞ գազի գինը, թե՞ ոչ:

- Ես չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց եթե բարձրացվեց գազի գինը, որը շատ հնարավոր սցենարներից մեկն է, կնշանակի, որ հարաբերություններում լրջագույն ռիսկեր, լուրջ խնդիրներ կան, որոնք չեն լուծվում: Այս պահին ես այդ ռիսկերը տեսնում եմ, և գազի գնի բարձրացումն ամենահավանական սցենարներից մեկն է: Բայց դեռ ժամանակ կա, հնարավոր է՝ բանակցություններով ինչ-որ լուծումներ գտնվեն, որոնք կարող են նաև դրական արդյունք տալ:

- 2019 թ.-ի հունվարից Հայաստանի համար արդեն բարձրացվել էր գազի գինը սահմանին՝ 150 դոլարի փոխարեն դառնալով 165 1000 խմ գազի դիմաց: Բնակիչների համար գազի գինը չբարձրացավ, և Գազպրոմ Արմենիան իր միջոցներով է դա զսպում: Որքա՞ն կարող է Գազպրոմ Արմենիան պահպանել թանկացումը, արդյո՞ք գազի գնի նոր բարձրացման մասին խոսակցությունները նրա համար չեն, որ բարձրացված 15 դոլարը նաև բնակիչների վրա ազդի:

- Պարզ է, որ Գազպրոմ Արմենիան ունի որոշակի պարտավորություններ, մասնավորապես, նա պետք է ներդրումներ անի: Կարող ենք ասել, որ հենց այդ ներդրումների հաշվին է գազի գնի բարձրացումը: Սա մի խնդիր է, որ պետք է լուծվի Հայաստան-Ռուսաստան-Գազպրոմ հարաբերությունների մակարդակում, որը, ցավոք սրտի, ինչքան ես գիտեմ, չի արվում: Հետևաբար, նորից եմ կրկնում, բավականին լուրջ ռիսկեր կան այստեղ, և այդ ռիսկերի պայմաններում լրջագույն ջանքեր են պետք, որպեսզի թույլ չտանք՝ գազի գինը բարձրանա:

- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ձմռան ամիսներին չի թանկանա գազը, բայց դրանից 1 օր առաջ ասել էր, որ «հույս ունի», որ Գազպրոմը չի բարձրացնի գազի գինը: Այս հայտարարություններն ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Դա ընդամենը նշանակում է, որ բանակցային գործընթացում դեռ առաջընթաց չկա, իրենք չեն կարող ասել՝ վերջիվերջո ինչ գնի շուրջ համաձայնության կգան: Սա նշանակում է, որ բանակցություններ են ընթանում, որտեղ լավ հեռանկարներ չկան, դրա համար էլ պատասխաններն այդպիսի խուսափողական են: Հոկտեմբեր ամիսն է, որոշակի հստակություն պետք է լիներ բանակցությունների հարցում, եթե չկա հստակություն, նշանակում է՝ կան խնդիրներ, որոնք կողմերը չեն կարողանում հաղթահարել:

- Նշեցիք, որ ռիսկերը մեծ են գազի գնի բարձրացման: Եթե բարձրանա, դա սոցիալական առումով ինչպիսի՞ ազդեցություն կունենա:

- Դա առանձին պետք է հաշվարկվի, բայց պարզ է, որ բնակչության բոլոր շերտերը դա կզգան իրենց վրա: Դա կբերի ոչ միայն ուղղակի գազի, այլև ընդհանրապես գազի հետ կապված բոլոր ոլորտների, այդ թվում՝ տրանսպորտի և այլնի թանկացման:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ