Քաղաքական - Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծն ընդունվեց․ այն կուղարկվի ՍԴ

Խորհրդարանում ավարտվեց Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի փակ, գաղտնի քվեարկությունը։

Խորհրդարանական հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, նախագծին կողմ է քվեարկել 98 պատգամավոր, դեմ՝ 1։ Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։

Քվեարկությանը մասնակցել են «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները․ ԲՀԿ-ականները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ «Իմ քայլ»-ի ներկայացրած այս նախագիծը իրավական բացեր ունի։

Թովմասյանը նպատակահարմար չէր համարել երեկ ԱԺ-ում ներկա լինել նախագծի քննարկմանը․ նա պատշաճ ծանուցումից հետո ԱԺ չէր եկել։

Վերջինս հանդես էր եկել հայտարարությամբ՝ քննարկմանը ներկա չլինելու որոշումը պատճառաբանելով, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած այս գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Հրայր Թովմասյանը հայցել էր Ազգային ժողովի միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ իրեն հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ։

Հրայր Թովմասյանի հայտարարությունը խորհրդարանաում քննադատությամբ ընդունվեց։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները միայն ԲՀԿ-ից ներողամտություն հայցելու հանգամանքը անհարգալից վերաբերմունք որակեցին օրենսդիր մարմնի հանդեպ՝ նշելով, որ Թովմասյանն ուղղակի պարտավոր էր ներկա լինել քննարկմանն ու պատասխանել պատգամավորների հարցերին, փորձել ներկայացնել իր հակափաստարկները, եթե, իհարկե, այդպիսիք կային։

armtimes.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ