Մշակույթ - «Հաշմանդամությունը խոչընդոտ չէ. բոլոր երեխաների աշխարհը նույնն է»

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի հյուրը ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնին պատկանող «Կանչ» և «Դեպի լույս» համույթների գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանն էր:

Նա անդրադարձավ համույթների գործունեությանն ու հաջողություններին՝ նշելով, որ «Կանչն» ու «Դեպի լույսը» կազմավորվել են 2016 թ. Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանի նախաձեռնությամբ: Նշենք, որ «Դեպի լույսը» տեսողության, մտավոր խնդիրներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների երգչախումբ է, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում:

Վ. Խաչատրյանն ասաց, որ «Դեպի լույսի» իր սաների շրջանում կան ինչպես թույլ տեսողություն, այնպես էլ՝ կուրություն, հաշմանդամություն ունեցող երեխաներ, սակայն այդ հանգամանքը նրանց որևէ կերպ չի խանգարում ելույթներ ունենալ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում և անգամ՝ արժանանալ ամենաբարձր պարգևների:

Նման վերջին հաջողությունը «Դեպի լույսն» ու «Կանչն» ունեցել են այս տարվա հուլիսին՝ համատեղ ելույթ ունենալով Վրաստանում անցկացվող միջազգային փառատոնում, որտեղ արժանացել են առաջին մրցանակին, ընդ որում՝ ազգությամբ թուրք ժյուրիի անդամը նրանց ամենաբարձր միավորներն է տվել: Սովորաբար, ինչպես վստահեցրեց Վարդուհի Խաչատրյանը, նման դեպքերում թուրքերը մեզ կա՛մ միավոր չեն տալիս, կա՛մ արժանացնում են ամենացածր միավորների:

Հարցին, թե դժվա՞ր չէ արդյոք աշխատել մտավոր խնդիրներ և հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, Վ. Խաչատրյանը պատասխանեց, որ երեխաներն իրենք իրենց միանգամայն առողջ են համարում. խմբի բոլոր տղաները, օրինակ, ցանկանում են զինվոր դառնալ:

Նշենք, որ «Դեպի լույս» համույթի անդամները 6-20 տարեկան են, «Կանչինը»՝ 5-ից 15:

«Նրանց համար երգը կյանք է, հոգեվիճակ: Նրանց հետ աշխատելիս նկատել եմ, որ հոգեվիճակի դրական փոփոխություններ են լինում: Երեխաները սիրում են ապրել արվեստով»,-ասաց համույթների գեղարվեստական ղեկավարը:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև խնդիրներ ունեցող երեխաների՝ հասարակությանը լիարժեք ինտեգրվելու հարցին և նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի դրսևորմանը: Վ. Խաչատրյանը նշեց. «Ուզում եմ, որ մեր հասարակությունը մի փոքր այլ տեսանկյունից նայի հաշմանդամ մարդկանց, տարանջատում չդնի, ավելի սիրալիր ու հոգատար լինի նրանց հանդեպ: Հաշմանդամությունը ոչ մի բանի չի խանգարում. բոլոր երեխաների աշխարհը նույնն է»:  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ