Քաղաքական - ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովի քննադատությանը` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության վերաբերյալ

ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»: Այդ մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:

«Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից», - ասաց Նաղդալյանը:

Ըստ նրա, հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը:

«Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չի նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը», - հայտարարեց Նաղդալյանը:
newsarmenia.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ