Տնտեսություն - ՏՄՊՊՀ-ն բենզինի, դիզվառելիքի և ավիավառելիքի ոլորտում անցկացնում է ստուգումներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս պահին ստուգումներ է անցկացնում բենզինի, դիզվառելիքի և ավիավառելիքի ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հարցին:

Ստեփանյանը  նշեց, որ Հայաստանում ավտոմեքենաների շահագործման համար մարդկանց զգալի մասը, որպես այլընտրանք օգտագործում է սեղմված գազ, վերջին տարիներին՝ նաև հեղուկ գազ: «Այլընտրանքի առկայության և մրցակցության պայմաններում շուկան կարգավորում է գները, իսկ որակի առումով պատշաճ ուշադրությունը բացակայում է: Էժանացել է հեղուկ գազի գինը, սակայն բազմաթիվ են բողոքները՝ գազի որակի վերաբերյալ»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց, թե արդյոք Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրություն անում է այդ ոլորտում, թե արձագանքում է միայն բողոքների դեպքում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արձագանքեց. «Թե բենզինի, թե դիզվառելիքի, և թե ավիավառելիքի ոլորտում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս պահի դրությամբ կատարում է ստուգումներ»:

Ավինյանն այս պահին դրանց արդյունքների մասին մանրամասներ չներկայացրեց, քանի որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են: Նա պատգամավորին առաջարկեց դիմել հանձնաժողով՝ ստանալու մանրամասներ:  Ավինյանի կարծիքով՝ ՏՄՊՊՀ-ի կողմից արդեն իսկ իրականացվող վարույթի արդյունքներն ունենալուն պես հետագայում արդեն համապատասխան քաղաքականություն կմշակեն:

 
armenpress.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ