Քաղաքական - ԱՄՆ-ը տնտեսական ահաբեկչություն է իրականացնում. Ռոհանիի ելույթը Երևանում

Միջազգային հանրությունը պետք է հակադրվի ԱՄՆ թշնամական եւ միակողմանի մոտեցումներին։ Այս մասին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Երեւանում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

Երախտագիտություն հայտնելով հայկական կողմին այսքան կարեւոր միջոցառման կազմակերպման բարձր մակարդակի եւ հյուրընկալության համար՝ Իրանի նախագահը նշեց, որ Խորհրդի նիստը հնարավորություն  է ընձեռում կարծիքներ փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ բոլոր երկրները պարտավոր են դեմ հանդես գալ միակողմանիությանը, հանդես գալ միջազգային պարտավորություններին համապատասխան, խաղաղության, անվտանգության, կայունության եւ միջազգային կարգի պահպանմանը համապատասխան։

Իրանի նախագահի խոսքով՝   թշնամական գործողություններին դիմադրությունը հանգեցրել է կոշտ եւ անմարդկային պատժամիջոցների, անտեսվում են միջազգային պարտավորությունները եւ համաձայնագրերը։ «Միջազգային հանրությունը պետք է հակադրվի ԱՄՆ թշնամական եւ միակողմանի մոտեցմանը, ընդունի լուրջ որոշումներ եւ գործողություններ։ ԱՄՆ հարկադրման միջոցները հանգեցրել են տնտեսական ահաբեկչության՝ ուղղված հասարակ մարդկանց կյանքին»,- ընդգծեց Ռոհանին։

Խոսելով ԵՏՄ ներուժի մասին՝ նա նշեց տրանսպորտային բաղադրիչի եւ տարանցման դյուրինացման ռազմավարության կարեւորության մասին։

«Ներկայիս ծայրահեղ հանգամանքներում տարածաշրջանային կայունության պահպանումը, որը խախտվել է ԱՄՆ կործանարար գործունեության հետեւանքով, անհրաժեշտություն է։ Աղքատություն, անվտանգության բացակայություն, միգրացիա։ Վախի եւ հուսահատության այսպիսի մթնոլորտում անհրաժեշտ է բազմակողմանի տարածաշրջանային համագործակցություն»,- նշեց Ռոհանին։


 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ