Հասարակություն - Հայաստանում ծերաբուժության մասնագետներ չկան

Այսօր նշվում է Տարեցների միջազգային օրը։ Օրվա առթիվ Երևանում անցկացվում է Գերիատրիայի 2-րդ միջազգային կոնգրեսը, որը կազմակերպվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։

Գերանտրիայի, կոնգրեսի նպատակի, Հայաստանում բնակվող տարեցների առողջական խնդիրների մասին Panorama.am-ը զրուցեց Գերիատրիայի և գերանտոլոգիայի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Արթուր Թորոսյանի հետ։

«Այս համաժողովն ուղղված է գերիանտրիայի (ծերաբուժության) խնդիրներին և Հայաստանում այս ուղղության զարգացմանը։ Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից ժամանած մի շարք անվանի մասնագետներ կներկայացնեն տարեց հասակին բնորոշ հիվանդությունների առանձնահատկությունները։ Սա շատ կարևոր միջոցառում  է գերիատրիայի զարգացման առումով, քանի որ ունենք տեղեկատվության պակաս։ Ցավոք սրտի՝ անգամ այս առարկայից տեղեկացված չեն շատ շատ բժիշկներ»,-  նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է գերատրիա տերմինին, որն ավելի շատ Հայաստանում ներկայացվում է որպես ծերաբուժություն, Թորոսյանն ասաց, որ այստեղ տերմինային խնդիր կա։

«Ըստ միջազգային դասակարգումների՝ ծեր համարվում է 75-ից 90 տարեկան անձը, սակայն 60-ից հետո նրանց բուժումով արդեն պետք է զբաղվի գերիատրը, սակայն 60 տարեկանը չի համարվում ծեր, դրա համար մի քիչ սխալ է օգտագործել  ծերաբուժություն տերմինը։ Գիտենք, որ տարեցների մոտ կան մի շարք ֆիզիոլոգիական առանձնահատկություններ՝ չափահաս մարդկանց  նկատմամբ։ Նրանց պետք է առանձնահատուկ բժշկական սպասարկում, այդ պատճառով մենք Հայաստանում նպատակ ունենք զարգացնել գերիատրիան, վերապատրաստել բժիշկ-գերիատորներ, որոնք թերապևտների ու ընտանեկան բժիշկների փոխարեն կզբաղվեն տարեցների բժշկությամբ»,- մանրամասնեց նա։

Գերիատրիայի և գերանտոլոգիայի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում գերիատրներ, մասնագետներ չկան. «Մեր ասոցիացիան աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի Հայաստանի բժիշկներից ուղարկենք վերապատրաստման, որոնք կարող են վերադառնալ որպես արդեն լիցենզավորված մասնագետներ և աշխատել։ Նաև պայմանավորվածություն ունենք Երևանի պետական բժշկական համալսարանի հետ, և հավանաբար, ըստ պլանավորված ընթացակարգի, 2020-21 թթ. ուսումնական տարում կունենանք արդեն Գերիատրիայի ամբիոն»։

Նա նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրված վիճակագրության համաձայն տարեցների մոտ հիմնականում հանդիպում են ոչ վարակից այս երեք հիվանդությունները՝ շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ։

Կարևորելով գերիատրայի զարգացումը Հայաստանում՝ Թորոսյանը հավալեց. «Հայաստանում այս պահին մոտ 387 հազար տարեց կա, որը կազմում է ամբողջ բնակչության 13 տոկոսը։ Սա  նշանակում է, որ մենք համարվում ենք ծերացող երկիր, ըստ կանխատեսումների, այս թիվը գնալով աճելու է, և 2050 թվականին կարող է հասնել մինչև 20 տոկոսի»։


 Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ