Հասարակություն - Տարեցների ոլորտին վերաբերող ռազմավարությունը մշակման վերջին փուլում է

Հոկտեմբերի մեկին՝ Տարեցների միջազգային օրվան ընդառաջ «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպել էր ասուլիս՝ օրվա խորհրդով, որի բանախոսն էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Ասուլիսի ընթացքում նա անդրադարձավ նախարարության կողմից տարվող աշխատանքներին և ապագա ծրագրերին՝ ուղղված ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում տարեցների կյանքի որակի բարելավմանը և նրանց արժանապատիվ ծերության անցկացմանը:

«Մեր քաղաքականությունը տարեցների ոլորտում միտված է առողջ միջավայր ստեղծելուն, որպեսզի տարեցներն ապահովվեն անհրաժեշտ խնամքով, ակտիվ ծերացում ունենան: Այդ ուղղությամբ մեր ռազմավարությունն արդեն մշակման վերջին փուլում է, երևի նոյեմբերին կներկայացնենք»,-նշեց նախարարի տեղակալը:

Պարոն Գասպարյանն ասաց նաև, որ եթե առաջ տարեցների ոլորտում ուշադրությունը դարձվում էր միայն նրանց կենսապայմանների բարելավման վրա, ապա հիմա իրենք հիմնովին փոխել են մոտեցումները և մեծ ուշադրություն են դարձնում նրանց արժանավայել ու ակտիվ ծերացմանը:

Այսօր, ըստ փոխնախարարի, 1210 հոգի օգտվում է շուրջօրյա խնամքի անվճար ծառայությունից՝ հինգ հաստատություններում, տնային խնամքի ծառայություններից ևս մեծաթիվ ծերեր են օգտվում: Tesaket.info-ի հարցին, թե ինչպե՛ս են ընտրվում շահառուները, պարոն Գասպարյանը պատասխանեց, որ նրանց ընտրում են սոցիալական աշխատողները՝ նախապես ծանոթանալով և ուսումնասիրելով նրանց կենսապայմանները:

Գ. Գասպարյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ծերերին խնամող հաստատությունները պատշաճ մակարդակի վրա լինեն, իսկ սոցիալական աշխատողները՝ բավարար պատրաստված:

Նա հավելեց, որ իրենք ձգտում են խնամքի ծառայությունները բերել համայնքներ, նաև փորձում են իրավական դաշտ բերել «Տարեց-երիտասարդ» ծրագիրը, որն առանց իրավական դաշտ մտնելու էլ արդեն իսկ գործում էր: Խոսքը երիտասարդ ընտանիքի՝ որևէ տարեցի խնամելու մասին է՝ պայմանով, որ հետագայում, օրինակ, տվյալ տարեցի բնակարանը կկտակվի այդ ընտանիքին: Պարոն Գասպարյանը նշեց, որ նման հարցերն իրավական դաշտ կբերվեն, ինչը մեծապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:

Եվս մեկ ծրագրի մասին խոսելով՝ նախարարի տեղակալը նշեց, որ արդեն իսկ ԱԺ են ուղարկել միայնակ տարեցների կոմունալ ծախսերը պետության կողմից վճարվելու մասին ծրագրի նախագիծը:

Պարոն Գասպարյանը տեղեկացրեց, որ նախարարության կողմից մշակված ծրագիրը, որը պիտի իրականացվի 2020-24 թթ., կոչվում է «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայության ներդրման ու զարգացման ռազմավարություն»: Ծրագրի շրջանակներում տարբեր մարզերում նախատեսվում է բացել համալիր սոցիալական տարածքային կենտրոններ, որոնք կզբաղվեն տարեցների պատշաճ խնամքի ապահովմամբ:

Փոխնախարարը նշեց նաև, որ վաղը Նորքի տուն-ինտերնատում տեղի է ունենալու անկողնային հիվանդ տարեցների բաժնի բացումը:  

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ