Քաղաքական - Ինչի՞ դիմաց և ո՞վ է Փաշինյանի «թավշյա» ոստիկանապետ Օսիպյանին իր պաշտոնավարման 1.4 տարում 3 բնակարան և 1 ավտոմեքենա նվիրել

ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վալերիյ Օսիպյանը պաշտոնավարման 1 տարի 4 ամսվա ընթացքում դարձել է 3 բնակարանի և 1 թանկարժեք ավտոմեքենայի սեփականատեր և Ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս անց Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից բնակության է տեղափոխվել Կենտրոն համայնք։

Tert.am-ի տեղեկություններով՝ Վալերիյ Օսիպյանը սերտ կապեր ունի մոսկվայաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի (հայտնի որպես «Մոնարխի Արմեն») հետ, որը Վալերիյ Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուն պես նրան սպիտակ «Lexus GX470» է նվիրել։

Սա դեռ ամենը չէ։ Նախ, Երևանի Թումանյան փողոցում Վալերիյ Օսիպյանի համար տուն է վարձվել, որպեսզի ոստիկանապետը Նուբարաշենից չգա աշխատանքի։ Այնուհետև մասնակի վճարումով և Արմեն Գինոսյանի նվիրատվությամբ այդ բնակարանը դարձել է Վալերիյ Օսիպյանի սեփականությունը, այն գնել է հայաստանյան գործարարներից մեկից։

Մասնակի վճարման վերաբերյալ Tert.am-ը հարցում է ուղարկել համապատասխան կառույց:

Բացի այդ, Վալերիյ Օսիպյանը 2 թանկարժեք նվեր է ստացել կրկին Մոնարխի Արմենից՝ 1 բնակարան և 1 առանձնատուն։

Նախ, Մոնարխի Արմենը Երևանի Բուզանդի փողոցում (Սարյան փոստի դիմաց) իր կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում Վալերիյ Օսիպյանին բնակարան է նվիրել։ Բացի այդ, Մոնարխի Արմենը Վալերիյ Օսիպյանին նվիրել է մեկ հողատարածք՝ Դավթաշենում, որի վրա էլ հետագայում իր միջոցներով առանձնատուն է կառուցել Վալերիյ Օսիպյանի համար:    

Ի՞նչ է արել Վալերիյ Օսիպյանն այս ամենի դիմաց

ՀՀ նախկին ոստիկանապետը Մոնարխի Արմենի ցանկությամբ «մանր-մունր» քրեական հեղինակություններին ու գործարարների մերձավորներին «փռել է ասֆալտին», իսկ Մոնարխի Արմենի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների նշանակել պաշտոնների։ Դրանցից մեկը Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդեն նախկին բաժնի պետ Միհրան Դավթյանի նշանակումն էր, որը Մոնարխի Արմենի հովանավորյալն է ու մտերիմը։

Իր պաշտոնավարման վերջին օրը Վալերիյ Օսիպյանը Միհրան Դավթյանին նշանակել էր ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ։ Սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նա չէր հասցրել մեկնել աշխատանքի, քանի որ Միհրան Դավթյանին ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը երկու օր անց՝ սեպտեմբերի 20-ին ազատեց աշխատանքից։

Վալերիյ Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր դեռ չի ներկայացրել։

Նշենք, որ Մոնարխի Արմենն իրավապահ այլ կառույցներում ևս ընկերներ ունի, որոնք այդ պաշտոններում նշանակվել են նրա շնորհիվ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արվել և խնամի–ծանոթ–բարեկամ հարաբերությունները տեղ չունեն կառավարման համակարգում։ Փաստացի Վալերիյ Օսիպյանն այսօր վարչապետի գլխավոր խորհրդականն է։  

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ