Քաղաքական - Հրապարակային դատավարության ընթացքում այլ դատական ակտ, քան արդարացումը, չի կարող կայացվել. Սանասարյանի փաստաբան

   Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը, այնուամենայնիվ, երեկ ուղարկվեց դատարան։ Առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատեց և գործն ուղարկեց դատարան։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։
Հիշեցնենք, որ մինչ այս Դավիթ Սանասարյանը և իր պաշտպանը քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո դիմել էին ԱԱԾ՝ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։

ԱԱԾ քննիչը, սակայն, նախօրեին մերժեց Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։ Ըստ Սանասարյանի՝ իրենց միջնորդությունը մերժվել էր՝ անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն էր, թե չորս վկաները նրա ենթականերն են եղել, ուստի, նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես եղել է Սանասարյանի ենթական, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ այն Դավիթ Սանասարյանի դեմ էր։ Դավիթ Սանասարյանը ԱԱԾ քննիչի կողմից միջնորդության մերժումից հետո գրել էր, որ մի փոքր հույս ունեն, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը։ Սակայն ինչպես երևաց, դատախազությունը ևս մտավ այս խաղի մեջ՝ հաստատելով մեղադրական եզրակացությունը։ «Դատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը և դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ, մնացածը՝ ասուլիսում։ Մինչ այդ պարզապես կրկնեմ՝ մեղադրանքը չեմ ընդունում»,- երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Դավիթ Սանասարյանը։

Դավիթ Սանասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արսեն Սարդարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ է ցավում, որ դատախազությունը չցանկացավ իրավական որոշումներ կայացնել, չցանկացավ ակնհայտ անմեղ անձի նկատմամբ արդարացի որոշում կայացնել։

«Դրա պատճառը չգիտեմ, թե որոնք են, միայն ենթադրություններ ունեմ, որոնցով այս պահին չեմ ցանկանում կիսվել»,-ասաց փաստաբանը։

Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով դատարաններում տիրող իրավիճակը, ինչ սպասելիք ունեն արդեն դատարաններից, Սանասարյանի փաստաբանը պատասխանեց. «Միշտ լավատեսորեն եմ տրամադրված լինում և կարծում եմ, որ հրապարակային դատավարության ընթացքում այլ դատական ակտ, քան արդարացումը, չի կարող կայացվել։ Եթե նախաքննական մարմինը, դատախազությունը մթության շղարշի տակ կարողանում են ոչ իրավական որոշումներ կայացնել, ապա դատարանում հրապարակային դատավարության ժամանակ դա չի կարող լինել, և Սանասարյանը կարդարացվի։ Դատարաններից ակնկալում եմ բարձր պրոֆեսիոնալիզմ և արդարադատություն»։
1in.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ