Քաղաքական - Ամուլսարի քրգործով նախաքննության շրջանում ի հայտ են եկել նոր տեղեկություններ, կան և կլինեն նոր հարցաքննվողներ. քննչական խմբի ղեկավար


Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, քանի որ նախաքննության շրջանում ի հայտ են եկել նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնցով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել շարունակելու նախաքննությունը. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը:

Այվազյանը չմանրամասնեց, թե ինչ նոր տեղեկություններ են ի հայտ եկել, պատճառաբանելով, որ նախաքննության գաղտնիք չի ցանկանում բացահայտել, սակայն նշեց, որ կոնկրետ նախաքննությունը կապ չունի քննչական խմբի նախկին ղեկավարի հետ:

«Նախաքննությունը շարունակելու հիմքը այս պահին այն է, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մենք ստացել ենք համապատասխան գրություն, որն առնչություն ունի Ամուլսարի քրեական գործով առկա տվյալների, որոշակի թվերի հետ, սրանով պայմանավորված, մենք կարիք ունենք նշված տեղեկությունները քննարկելու, ուսումնասիրելու, համեմատելու նախկինում առկա թվերի հետ»,- ասաց նա:

Արսեն Այվազյանը, անդրադառնալով նրան, որ նախարարն էլ նշել է, թե գոլորշու հետ կապված և այլ հանգամանքներով խախտումներ են եղել նախկինում, ասաց, թե ամեն մի տվյալ իրենք չեն կարող  ուղղակի լսել և նշանակել փորձաքննություն կամ իրավական գնահատական տալ: «Ամեն մի տվյալ, ամեն մի թիվ, փաստաթուղթ քրեական գործով ենթակա է մանրակրկիտ քննության, որպեսզի հաստատվի կամ հերքվի, այսինքն` պարզենք այդ տվյալն իրականության հետ աղերս ունի՞, թե ոչ»,- նշեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է «Էլարդի» զեկույցի հիման վրա այլ քրեական գործեր հարուցվեն «Լիդիան Արմենիայի» գործողությունների հետ կապված, նա պատասխանեց. «Որպես քննչական խմբի ղեկավար՝ կարծում եմ, որ մենք պետք է սպառենք պլանավորված բոլոր քննչական գործողությունների կատարումը, որից հետո միայն անցնենք այդ որակումներին: Քրեական գործն այնպիսի պրոցես է, որ չենք կարող այս պահին ստացված տվյալն ընդունել որպես իրողություն կամ վերջնական տվյալ և դրանով առաջնորդվելով՝ իրավական գնահատականներ տալ: Պետք է որոշակի ժամանակ սպասել, մինչև քննության արդյունքում նոր տվյալներ ձեռք կբերենք»:

Արսեն Այվազյանը հավելեց, որ քննում են մի գործ, որն իր ծավալով ու բարդությամբ նախադեպը չունի: «Մենք գործ ունենք բազմաթիվ նեղ մասնագիտական տերմինների հետ, այլընտրանք չունենք, քան մասնագետներին դիմելը, ուստի այս ամենը ժամանակ է պահանջում: Մենք ոչ թե միայն ուսումնասիրում ենք, այլ կատարում ենք նաև այդ պահից բխող քննչական գործողություններ: Այս փուլում էլ հետաքննություններ ենք իրականացնում, այնպես չէ, որ մենք միայն թուղթը վերցնում, ուսումնասիրում ենք»,- ասաց նա:

Հարցին ո՞ւմ են հարցաքննել, նա չհրապարակեց: «Նոր անձինք կան, դեռ կլինեն, հնարավոր է նորից հարցաքննվեն նախկինները: Կատարվում է բազմակողմանի, բազմածավալ քննություն»,- նշեց նա:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ