Հասարակություն - Տավուշում կնշվի Վարագա Սուրբ Խաչի տոնը

Սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզում 16-րդ անգամ կնշվի Վարագա Սուրբ Խաչի տոնը: «Տոնակատարությունն արդեն մասսայական է, այն իրականացվում է «Տավուշ» հայրենակցական միության և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի համագործակցությամբ: Առանց Տեր Արամի մենք չէինք կարող նման միջոցառում կազմակերպել, հենց նրա գործունեության շնորհիվ է, որ վերջին տարիներին Տավուշում սկսեցին կառուցվել եկեղեցիներ, ժողովուրդը վերադարձավ իր արմատներին և վերագտավ իր ինքնությունը, Տավուշում սկսվեցին մասսայական մկրտություններ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Տավուշ» հայրենակցական միության նախագահ, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը՝ խոսելով Վարագա Սուրբ Խաչի տոնի մասին, որն առաջին անգամ փորձնական կերպով նշվել է 2003 թվականին, իսկ արդեն 2004-ից դարձել է մասսայական՝ ընդգրկելով ոչ միայն Տավուշի բնակչությանը, տեղի զինծառայողներին, այլև բազմաթիվ ուխտավորների:

Անցյալ տարի, օրինակ, տոնին մասնակցել է մոտ 6000 հոգի: Ըստ պարոն Միրզոյանի՝ այդ օրը բոլոր տավուշեցիների համար դարձել է նվիրական օր, աշխարհի ո՛ր ծայրում էլ նրանք լինեն՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին բոլորը գալիս են Հայաստան՝ ո՛վ այցելում է հարազատների շիրիմները, ո՛վ վերադառնում է՝ տեսակցելու ծնողներին ու բարեկամներին: Լ. Միրզոյանը նշեց նաև, որ Տավուշն ակտիվ զբոսաշրջային գոտի դարձնելու ցանկություն և նպատակ կա, որի ուղղությամբ մարզպետարանն ու թեմն արդեն իսկ իրականացրել են որոշակի քայլեր, և տոնի անցկացումը նույնպես նպաստում է դրան:

Ինչպես նշեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը՝ մենք ունենք խաչին նվիրված չորս տոն, որոնցից մեկը՝ Վարագա Սուրբ Խաչի տոնը, նշում է միայն Հայ Առաքելական եկեղեցին: Այն տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը: Նա նշեց, որ տոնը հաստատվել է  Ներսես Տայեցի կաթողիկոսի շնորհիվ՝ դեռևս 7-րդ դարում:

Խուսափելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից՝ Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ խաչափայտի մասունքը պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում, որ հրոսակների ու հեթանոսների ձեռքը չընկնի: Վարագա լեռը որպես ճգնության վայր ընտրած Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը տեսիլք են ունենում, որով նրանց հայտնվում է մասունքի տեղը: Այս առիթով Ներսես Հայրապետը տոն է սահմանում և այդ վայրում եկեղեցի կառուցում: Հետագայում, երբ Վարագավանքն ավերվեց, որպեսզի մասունքը թշնամու ձեռքը չընկնի, այն բերում են ավելի ապահով վայր՝ Տավուշ՝ Անապատ վանքը, որն էլ մասունքն այդտեղ պահվելու առթիվ անվանափոխվել է և կոչվել Նոր Վարագավանք:

-Այսօր Խաչափայտի մասունքը պահվում է Սուրբ Էջմիածնում, սակայն Վարագա Սուրբ Խաչի օրը վերադարձվում է, այսպես ասած, իր հարազատ տուն՝ Տավուշի Նոր Վարագավանք,-նշեց Տեր Արամը և հավելեց, որ այսօր տոնը, կարելի է ասել, դարձել է ազգային, Տավուշում նշվող ամենամասսայական տոներից մեկն է, որն ունի համախմբող մեծ ներուժ: Ամեն անգամ այս օրը ժողովուրդը հավաքվում է, զրուցում իր տեսակի, ինքնության պահպանման ու ծրագրերի մասին, իսկ ողջ տոնն ուղեկցվում է ազգային երգ ու պարով, մատուցվում է սուրբ պատարագ, կատարվում է անդաստանի կարգ և մատաղի օրհնություն:

Տեր Արամը նշեց նաև, որ Նոր Վարագավանքում պահվում է պատմաբան Աշոտ Մելքոնյանի կողմից վանքին նվիրված խաչքարի մի մասունք, որը բերվել է Վասպուրականի Վարագավանքից: Խաչափայտի մասունքը ժամանակավորապես ի պահ է տրվել, որովհետև պիտի վերադառնանք պատմական Վարագավանք, և մասունքը նորից այնտեղ պիտի հանգրվանի,-ասաց Տեր Արամը:

Նշենք, որ այս տարի Վարագա Սուրբ Խաչի տոնն անցկացվելու է սեպտեմբերի 29-ին, այն կսկսվի առավոտյան ժամը 10.00-ին՝ պատարագի մատուցմամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ