Քաղաքական - 90-ականների ու ականջ ծամելու մասին գրած «Իմ քայլի» ավագանու անդամի հայրը 1990-2000թթ. բարձր պաշտոններ է զբաղեցրել, նրա մահարձանի համար էլ Փաշինյանի որոշմամբ բյուջեից 2 մլն 277 հազ դրամ է հատկացվել

«Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»: Այս գրառումն արել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը:

Ականջը ծամելու մասին գրառում կատարած «Իմ քայլի» ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի հայրն 90-ականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Գևորգ Վարդանյանը, ով հայտնի է եղել Ժոկո մականունով, 1993-ին եղել է ՀՀ նախկին պետնախարար, 1995-1998թթ.ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ՝ բնապահպանության նախարար:

Նուարդ Վարդանյանի քույրը՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է:

Նրանց հոր մահվան կապակցությամբ էլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պետբյուջեից 2 մլն 277 հզր դրամ է տրամադրվել: Այդ որոշման մասին Tert.am-ը տեղեկացավ Կառավարության պաշտոնական կայքից:

«Հայ քաղաքական և հասարակական գործիչ Գևորգ Հրաչիկի Վարդանյանի մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն՝ Գևորգ Վարդանյանի կնոջը՝ Ա. Ասատրյանին տրամադրելու նպատակով 2019 թվականի ինն ամսում հատկացնել 2,277.41 հազ. դրամ՝ «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված միջոցներից»,-ասվում է վարչապետի որոշման մեջ:

Գևորգ Վարդանյանը մահացել է 2019-ի հունիսի 9-ին:

Նշենք նաև, որ Նուարդ Վարդանյանը 2008թ. բողոքի ցույցերին բժիշկ-ուսանողների «Խալաթներով երթ» նախաձեռնության կազմակերպիչն էր:

Հավելենք, որ գրառումից հետո Tert.am-ը պարզաբանում էր խնդրել նրանից. նա ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի: Որոշ ժամանակ անց, Նուարդ Վարդանյանը գրառումը հեռացրել էր:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ