Քաղաքական - Հայկ Հարությունյանը դժվար էր հուսահատվում, շատ դժվար` հիասթափվում, նա չպիտի նման քայլի դիմեր. տեղի ունեցավ ՀՀ նախկին ոստիկանապետի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով լրագրողների հարցերին չպատասխանեց:

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասաց, որ անսպասելի էր ինքնասպանության մասին լսելը:

«Ես միշտ մտածել եմ, որ թույլ մարդիկ են ինքնասպանություն գործում, այս դեպքից հետո կսկսեմ մտածել, որ նաև շատ ուժեղ մարդիկ են այդ քայլին դիմում: Արդեն ստիպված եմ այդպես մտածել»,- ասաց Ալիկ Սարգսյանը:

Նա հավելեց, որ չի հասկանում, թե Հայկ Հարությունյանի մոտ ինչ պահ է եղել, ինչ ընկճվածություն, հիասթափություն կամ  հուսահատություն, բայց, ամեն դեպքում, Հարությունյանը դժվար էր հուսահատվում, շատ դժվար հիասթափվում էր  և այնպիսի ուժեղ հատկանիշներ ուներ՝ տղամարդուն հատուկ, որ չպիտի նման քայլի դիմեր:

Դիտարկմանը, թե ճի՞շտ է, որ Հայկ Հարությունյանն ալկոհոլի հանդեպ հակում է ունեցել, Ալիկ Սարգսյանն ասաց. «Վերջին անգամ նրան մոտ երեք ամիս առաջ եմ տեսել, բայց այս տարիների ընթացքում ես նրան երբևիցե հարբած չեմ տեսել, կարող է մի երկու բաժակ խմեր, տրամադրությունը լավանար։ Եթե նա վերջին ամիսներին ագրեսիվ է եղել, սկսել է ալկոհոլ օգտագործել, ես այդ մասին  որևէ տեղեկություն չունեմ»։

Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ Հայկ Հարությունյանի հետ մոտ ընկերներ էին, երբեմն հանդիպում էին: Հարցին՝ արդյո՞ք քաղաքականությունից զրուցում էին, Սահակյանն ասաց. «Ամեն ինչից էլ կարելի էր խոսել, կախված՝ ինչ պարագայում էինք հանդիպել»:

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայկ Հարությունյանի հետ վերջին անգամ շփվել է մի քանի ամիս առաջ. «Ինքը շատ զրուցող էր, ասող էր, հաճելի էր իր հետ նստել: Ինչ ասեմ, ես էլ շաքար ունեմ, ինքն էլ ունի, ես ճնշում ունեմ, ինքն էլ, ես էլ քաղցկեղ ունեմ, ինքն էլ, ինքն էլ էր դեղ խմում: Այդ հիվանդությունն այն հիվանդությունը չէր, որ նման բան աներ»:

Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ Հայկը կյանքը շատ էր սիրում և կատարվածին դժվար է հավատալ: Կոմանդոսի խոսքով` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածը հայտնի չէ` հավանակա՞ն է, թե՞ ոչ:

Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանն էլ ասաց, որ իր համար դժվար է խոսել Հայկ Հարությունյանի մասին, քանի որ մտերիմներ էին. «Աշխատել եմ իր հետ, ինձ համար ինքը երկրին, հայրենիքին նվիրված սպայի կերպար էր, որը կատարում էր իր առջև դրված հանձնարարությունները: Հաճախ եմ շփվել, մենք հարևաններ էինք: Նա սպա էր և դժվար էր հասկանալ` իրեն անհանգստացնող խնդիր կա՞, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ էր ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին: Դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի՝ Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ։

Մանրամասները՝ տեսանյութում


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ