Քաղաքական - Ոչ ոք իրավունք չունի ասել, որ Վանեցյանն ուսադիրներն աղբամանն է նետել, բոլորս պիտի սթափվենք․ Սասուն Միքայելյանը՝ Վանեցյանի՝ սթափվելու կոչի մասին (տեսանյութ)

Ամբողջ հանրապետության տարածքով զորահավաքին երկրապահից մասնակցել է 6540 մարդ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Աստված մի արասցե, բայց եթե ոտնձգություն լինի, 7000 մարդ կկանգնի մեր զինվորի կողքին առաջնագծում, իսկ դա մեծ ուժ է»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին, Սասուն Միքայելյանն ասաց. «Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Վանեցյանը սթափվելու կոչ է արել իր հրաժարականի տեքստում, Միքայելյանն ասաց. «Բոլորս պետք է սթափվենք»:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Վանեցյանը ուսադիրները «աղբմանն է նետել», Միքայելյանը նշեց, որ ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի և որ ինքն էլ է ուսադիր կրել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե այդ հայտարարությունն արվել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ Վանեցյանը հայտարարություն է տարածել իր գերագույն հրամանատարի դեմ։ «Սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա ... Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-ասել էր Փաշինյանը։

Սեպտեմբերի 24-ին Արթուր Վանեցյանը պատասխանել էր այս հայտարարությանը ասելով, որ «ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։  Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»,–ասել էր Արթուր Վանեցյանը։



tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ