Քաղաքական - Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը (տեսանյութ)

14։10

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը, անհիմն լինելու պատճառաբանությամբ, մերժեց պաշտպանների՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

13:10

Այս դատական նիստին ևս Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու և որպես այլընտրանքային միջոց գրավ կիրառելու վերաբերյալ: Որպես գրավի չափ առաջարկվեց սահմանել մինչև 5 մլն դրամ գումար:

Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները կալանքի պայմաններում խորանում են: Լևոն Բաղդասարյանը հղում արեց տեղացի և միջազգային մասնագետների տված գնահատականին՝ Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված:

Նա ընդգծեց, որ դատարանի որոշումով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնագետը ևս խոսել է կալանքի հետ բուժման անհամատեղելիության մասին: Պաշտպանն ասաց, որ Գրիգորյանը նման վիճակում մնալով ենթարկվում է խոշտանգման: Դատախազը միջնորդեց ընդմիջում հայտարարել նյութերին ծանոթանալու համար, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

12:57

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով Մանվել Գրիգորյանը կրկին չէր բերվել դատարան՝ առողջական խնդիրներով պայմանավորված, ԲԿ-ից դատարանին տրամադրվել էին համապատասխան փաստաթղթեր:

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը միջնորդեց դատարանին, որպեսզի Մանվել Գրիգորյանին պատկանող 7 գույքը հանվի կալանքից և օգտագործելու իրավունք տրվի 3-րդ անձին՝ վարձակալության գումարները հետագայում փոխանցելու դատարանին որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ անհարժեշտ է վկայականների, պայմանագրերի առկայություն, որպեսզի հստակություն լինի, գումարները փոխանցվեն դատարանի դեպոզիտ հաշվին: Դատավորն ընդգծեց, որ դրանից հետո կանցնեն միջնորդության քննարկմանը:

Մանվել Գրիգորյանի պաշտպանները առարկեցին՝ նշելով, որ դատարանը խախտում է անմեղության կանխավարկածը՝ ասելով, որ հնարավոր է Մանվել Գրիգորյանի պատկանող գույքը բարեխիղճ չի ձեռքբերվել: Պաշտպանները ընդգծեցին, որ գույքի պահպանման խնդիր ևս կա, որը կապված է ծախսերի հետ:

«Խնդրում եմ միջնորդությունը բավարարել՝ ելնելով նրանից, որ սեփականության իրավունքը կոնվենցիոն իրավունք է: Եթե անձն ունի սեփականություն, սահմանադրությամբ ամրագրվում է նրա օգտվելու իրավունքը»,-նշեց պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Լևոն Բաղդասարյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է առանց օտարման իրավունքի վարձակալության տրամադրելուն:

Դատախազ Վահե Դովմազյանն ասաց, որ նախորդ դատական նիստին ևս ասել է, որ չի առարկում, եթե չի տրվում տնօրինման իրավունքով:

Նշենք, որ մանվել Գրիգորյանին պատկանող 7 գույքից 5-ը ֆիզիկական անձի անունով է, երկուսը՝ ՀԿ-ի:

11:58

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նախորդ դատական նիստին դատարանը հերթական անգամ մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Մանվել Գրիգորյանը դատական նիստերին չի ներկայանում, պաշտպանները դատարանին հայտնում են, որ բացակայության պատճառն առողջական խնդիրներն են:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև՝ կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև՝ կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։

 

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ