Քաղաքական - «Շատ տարօրինակ բան է կատարվել». Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին

Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի կողմից ակտիվությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 22-ին շփման գծի հարավ-արեւելյան հատվածում մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձին:

«Թե գործողության ժամի առումով էր շատ տարօրինակ, թե ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ, համենայնդեպս, այն ինչ զեկուցվել է: Միգուցեեւ մոլորվել են:

Ես հիմա կխուսափեմ որեւէ գնահատական տալուց, թե ինչ է կատարվել, որովհետեւ այս պահին մենք էլ ենք վերլուծություն անում՝ իրականում ինչ է կատարվել: Բացի դրանից պետք է նաեւ հասկանալ ՊԲ գնահատականը, թե իրականում ինչպիսին է: Որովհետեւ թե ժամի առումով, թե ներգրավված թվաքանակի, թե իրենց գործողությունների, շատ տարօրինակ բան է կատարվել»,-ասաց Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե որն է լինելու մեր պատասխանը, նա արձագանքեց. «Այս պահին մենք պատասխան տալու չունենք, հակառակը, մեր հումանիտար պարտքը կատարել ենք, այսինքն Պաշտպանության բանակն իրականացրել է այն, ինչը պետք է իրականացներ»:

Նա հիշեցրեց, որ երեկ ժամը 19.00-ի սահմաններում արդեն փոխանցված է եղել ադրբեջանցի զինծառայողի դիակը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ