Տնտեսություն - «Եվրոպայի աղբի փոխարեն Հայաստան կբերվի Ռուսաստանի աղբը»

2020թ. հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձրանալու է և այդ փոփոխությունը ինչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա: Այս հարցերի շուրջ այսօր մամուլի ասուլիսի ձևաչափով խոսեցին Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը:

«Եթե նախկինում Եվրոպայի աղբն էին ներկրում Հայաստան, վերանորոգում ու վարում, մաքսազերծման գումարի ավելացման դեպքում՝ Ռուսաստանում հավաքված աղբն են գնելու: Իսկ Ռուսաստանում հավաքված մեքենաների որակը նույնը չէ, ինչ, օրինակ, Գերմանիայում հավաքված մեքենաներինը»,- ասաց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

Նշենք, որ 2020-ի հունվարի մեկից Հայաստան ներմուծվող մեքենաների մաքսատուրքն ավելանալու է՝ ԵՏՄ մտնելու հետ կապված:

Նրա խոսքով՝ մեքենաների ներկրման մաքսատուրքի ավելացման հետևանքով բյուջեի գումարները գուցե ավելանան, քանի որ մաքսային ընդհանուր «տոպրակից» Հայաստանն էլ ինչ-որ բաժին ունի: Սակայն սրա հետևանքով, ըստ Սահակյանի, մարդիկ ավելի շատ կորցնելու են, քան շահելու: Սահակյանը նշեց, որ ԵՏՄ մտնելը մեքենաների ներկրման ոլորտում միայն մեկ դրական ազդեցություն է թողնելու. գոնե կարող ես հաշվել, թե ինչքան ծախս է քեզնից պահանջվելու մեքենա ներկրելու համար: Նախկինում, ըստ նրա, երբ ուզում էիր ինչ-որ երկրից մեքենա ներկրել, տարիֆների մասին գիրքը սուրբ գրքի նման պահում էին ու ներկրողին ոչ մի ինֆորմացիա չէին տրամադրում:

«Նախկինում մեքենա ներկրելիս ասում էին՝ բեր, սահմանին կասենք, թե որքան կկազմի մաքսատուրքը: Սակայն հիմա յուրաքանչյուրը կարող է հաշվարկել ծախսերը, որ վերմակը ոտքերին համապատասխան մեկնի»,- ասաց նա:

Նա նշեց նաև, որ, ճիշտ է, ԵՏՄ մտնելով՝ մի փոքր կանոնակարգում կլինի մեքենաների ներկրման ոլորտում, սակայն միջազգային նորմերին հետևելը Հայաստանի դեպքում նման պայմաններում այնքան էլ ճիշտ չէ, քանի որ մենք ավելի շատ պետք է նայենք մեր սոցիալական վիճակին:

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանի խոսքով էլ՝ հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումը կազդի սոցիալական որոշ խավերի վրա, սակայն տնտեսության վրա էականորեն չի արտացոլվի:

«Մեքենաների մաքսատուրքի ավելացման հետևանքով ակնհայտ է, որ մեքենաների գները թանկանալու են, սակայն թանկացման չափն այսօր որևէ մեկը միանշանակ չի կարող գնահատել»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ մաքսատուրքից բացի, նաև հին մեքենաների ներկրման համար բնապահպանական որոշ վճար է նախատեսվում, որի միջոցով էլ ավտոմեքենաների թարմացման խնդիրն են փորձելու լուծել: Սրանով, ըստ Նազարյանի, բնակչության մի զգալի խավ կտուժի, սակայն բազմաթիվ երկրներ վաղուց հրաժարվել են տարիքով մեքենաների ներկրումներից:

Հիշեցնենք, որ մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանում մեքենաների մաքսատուրքը կշարունակի մնալ մեքենայի արժեքի 10%–ի մակարդակում՝ անկախ մեքենայի տարիքից և շարժիչի ծավալից։ 2020 թվականից սկսած մեքենաների տուրքը կկազմի 1,6 եվրո` շարժիչի յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար։
 lurer.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ