Քաղաքական - Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին զբաղվելու եմ միայն ֆուտբոլով. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն ու վարչապետն ունեցել են լավ հարաբերություններ։

«Փաշինյանի հետ եղել են շատ լավ հարաբերություններ, աշխատել ենք շատ լավ, սակայն չէի ցանկանա այլ մանրամասներ նշել»,- Hraparak.am, Factor.am, Armlur.am հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝  քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունի՞, ԱԱԾ նախկին տնօրենը նշեց, որ երբ ընդունել է հրաժարական կայացնելու որոշում, չի խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ։

«Իմ հրաժարականի մասին խոսել եմ միայն ընտանիքիս՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ։ Որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր և ես քաղաքականություն մտնելու կամ դրանով զբաղվելու հետ կապված  այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի։ Այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ առաջիկայում ունեն երկու վճռորոշ խաղեր, որոնց հաջողության դեպքում  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ պատմության մեջ կարող է հայտնվել Եվրոպայի եզրափակչում։

Նրա խոսքով՝ իր համար ամենակարևոր հարցն այս պահին դա է. «Կանցնի ժամանակ, և ես իմ հնարավոր որոշումը կկայացնեմ։ Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին ես զբաղվելու եմ միայն  ֆուտբոլով»։

Արթուր Վանեցյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ որևէ մեկը չփորձի պղտոր ջրում ձուկ որսալ, ինքը կայացած մարդ է, կայացած գործիչ և ինքն է որոշելու, թե ինչ պետք է անի։

Լրագրողները նաև հարցրեցին՝ ում է տեսնում ԱԱԾ տնօրենի պաշտոնում, նախկին տնօրենը պատասխանեց՝ ում կորոշի վարչապետը, նա էլ կզբաղեցնի այդ պաշտոնը։

«Դա մեր երկրի առանցքային  պաշտոններից մեկն է, որը պատասխանատու է երկրի ներքին և արտաքին անվտանգության համար։ Ով էլ կլինի ԱԱԾ տնօրեն, նրան մաղթում եմ հաջողություններ այդ  դժվար աշխատանքում։ Եթե իմ օգնությունը մի օր նրան անհրաժեշտ կլինի, ես մեծ պատասխանատվությամբ կօգնեմ»,- նշեց նա։

Արթուր Վանեցյանը դիմեց նաև այն մարդկանց, որոնք ցավում են իր հրաժարականի համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց կարծիքների համար: Ես այս 1,5 տարվա ընթացքում և առհասարակ ԱԱԾ-ում 20 տարվա աշխատանքի ընթացքում միշտ գործել եմ խղճով, արել եմ այնպիսի գործեր, որ երբեք չամաչեմ քայլել Երևանի փողոցներում: Չեմ արել մի բան, որից ամաչում եմ, ես գլուխս բարձր և պատվով շարունակելու եմ ապրել մեր քաղաքում և շրջել Երևանի փողոցներում։ Ես իմ հայտարարության վերջում ասել եմ՝  Պատիվ ունեմ: Պատիվ ունեմ, ծառայել եմ ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետութանն ու ողջ ժողովրդին»։
panorama.am


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ