Քաղաքական - Եթե մինչև աշնան վերջ աղբահանության խնդիրը չլուծվի, քաղաքապետը պետք է հրաժարական տա․ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ (տեսանյութ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և փոխնախագահ Ծովինար Կոստանյանը մամուլի ասուլիսին անդրադարձան Երևանում աղբահանության շուրջ ստեղծված իրավիճակին:

Արման Ղուկասյանն ասաց, որ դեռևս մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետին ուղղված իրենց նամակին, քաղաքապետարանը հստակ պատասխաններ չի տվել: «Մեր հիմնական բողոքն այն է, որ քանի շաբաթ է «Սանիտեքը» չի աշխատում, չկա որևէ իրավական գործընթաց, որ իրավական առումով խզվի պայմանագիրը «Սանիտեք»-ի հետ: Միայն հայտարարությունների մակարդակով աղբահանության խնդիրը չի լուծվել և չի լուծվելու»,-ասաց նա:

Ըստ Արման Ղուկասյանի` քաղաքապետարանը «Սանիտեք»-ի հետ իրավական գործընթացը թափանցիկ չի իրականացնում: «Այստեղ մութ գործընթացներ կան, եթե Երևանի քաղաքապետարանը չի հրապարակում «Սանիտեք»-ի հետ պայմանագիրը, ուրեմն դա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողանում շատ հարցերի պատասխաններ տալ»,-ասաց նա:

Նա նաև հայտնեց, որ խախտված է նաև իրենց ուղարկած նամակի պատասխանի ժամկետը: «2019 թ․ Երևանի քաղաքի բյուջեով մոտ չորս միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք պարգևավճարներ է բաժանվելու, դա չեն մոռանում իրար մեջ բաժանել, նամակներին մոռանում են պատասխանել»,-ասաց նա:

Արման Ղուկասյանն ասաց, որ աղբահանության խնդիրը շատ սուր վիճակում է մնում և նշեց, որ բերված աղբամանները անորակ են:

Ծովինար Կոստանյանն ասաց, որ իրենց համար ամենակարևոր խնդիրն աղբահանության հարցի լուծումն է: «Մենք եկել ենք բարձրացնելու այն հարցը, թե ինչու մինչ հիմա Երևանի քաղաքապետարանը չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, որ այլ օպերատորներ ներգրավվեն: Մենք լավ գիտենք, որ նշվում է, թե Սանիտեքի հետևում ինչ-որ ականջներ է երևում, սա սաբոտաժ է, բայց եթե քաղաքապետարանը ուներ կասկածներ, ինչու ավելի շուտ քայլեր չեն ձեռնարկել, որ խզեն պայմանագիրը»,-ասաց նա:

Ծովինար Կոստանյանն ասաց, որ եթե մինչև աշնան վերջ աղբահանության խնդիրը չլուծվի, քաղաքապետը պետք է հրաժարական տա։

tert.am
 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ