Քաղաքական - Ռոբերտ Քոչարյան. Եթե Տիգրան Աբգարյանի մայրը ցանկանա, իմ փաստաբանները Լեոյում տեղի ունեցածի վերաբերյալ փաթեթ կտրամադրեն

ՀՀ երկրորդ նախգահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում կարծիք հայտնեց, որ տուժողի ներկայացուցիչներին սովորեցնում են ասել այն, ինչ կարող է տպավորություն թողնել, թե նա մեղավոր է։

«Ես ստիպված եմ հայտարարությամբ հանդես գալ, քանի որ ելույթներում ինձ հասցվեագրված հարցադրումներ կային»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը հայտարարեց, որ անցած տասը տարիների ընթացքում «ի՞նչ ն էր խանգարում գոնե ձևականորեն երկու պռապորշիկի դատեիք, և ասեիք սրանք մեղավորներն են, սրանք են սպանել ձեր երեխաներին, տասը տարի մատը մատին չեք տվել»։

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ աշխատել է մինչև մարտի 9-ը, մարտի 1-ի գործի բացահայտումը երբեք իր լիազորությունների շրջանակում չի եղել։

«Ընդհանրապես խառնվելու իրավասություն չեմ ունեցել։ Եվ եթե պարոն Քլոյանը դրանով է մտահոգված, առաջին հերթին պետք է այդ մասին հարցնի իր մոտ նստած դատախազներին։ Եվ եթե մարդը պետք է դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը, վարույթ իրականացնող դատախազը կամ քննչական մարմինները, որոնք պարտավոր էին գործը բացահայտել»,-ասաց նա։

Խոսքին հետևեցին ծափահարություններ։

«Առաջարկում են ինձ դատել այն բանի համար, որ այդ մարմինները գործը չեն բացահայտել։ Սա վիրավորական է նաև այն պատճառով, որ փաստաբաններն աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել չէ՞, որ դա այդպես չէ։ Իմ տպավորությունն այն է, որ ուղղակի սովորեցնում են ասել այն, ինչ հանրային առումով կարող է  տպավորություն թողնել, թե մեղավորը ես եմ»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մոր այն պնդմանը, թե իր որդու կենդանության պահին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե «մեր կողմից» էլ զոհեր կան, Քոչարյանն ասաց, գործի նյութերում նման բան չկա, ապա դա եղել է ոչ թե իր, այլ ՀՔԾ պետի հայտարարությունը։

«Ես այդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ նման բան չեմ ասել, ձայնագրությունները կան, գործին կցված են, ես ասել եմ՝ կան վիրավորներ։ Փաստաբան Սեդա Սաֆարյանը, ես կարծում եմ, գիտակցաբար չի ասել, որ դա այդպես չէ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է պնդմանը, թե Լեոյի փողոցում ցուցարարներ չեն եղել, Քոչարյանը նկատեց, բազմաթիվ ցուցմունքներ կան այդ փողոցներում ցուցարարների առկայության մասին։

«Այդ ցուցմունքներում մարդիկ ասում են, կրակել են հենց ցուցարարների կողմից։ Տարօրինակը գիտեք ի՞նչն է, որ հանրահավաքը եղել է քաղաքապետարանի դիմաց, իսկ բախումները Լեո փողոցում։  Եվ որևէ քայլ չի եղել քննչական մարմինների կողմից պարզելու, թե ով է այդ մարդկանց տարել հասցրել Լեո փողոց, այսինքն՝ մոտ 500 մետր հեռու այնտեղից, որտեղ ցուցարարները հավաքված էին։ Որևէ մեկին չեն հարցրել» ,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ գործի նյութերում նշվում է՝ ներքին զորքերը կանչել են դիպուկահար չեզոքացնելու այն մարդուն, ով կրակել է Տիգրան Աբգարյանի վրա։

Նա նաև առաջարկեց, եթե Տիգրան Աբգարյանի մայրը կցանկանա ծանոթանալ գործի նյութերին, ապա իր փաստաբաններին կխնդրի փաթեթ պատրաստել Լեո փողոցում կատարվածի վերաբերյալ ու կտրամադրեն մորը։ Նա ընդգծեց, մարդիկ գործի նյութերին չեն ծանոթացել։


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ