Քաղաքական - Կա մի պաշտոնյա, որն իր «ներքին իրավունքով» ավելի բարձր է, քան Փաշինյանը. խոսքը Տիգրան Ավինյանի մասին է. Հակոբ Սանասարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն Ամուլսարի վտանգների, դրանց հիմնավորվածության վերաբերյալ, բացարձակորեն հիմնազուրկ են: Պարզ երևում է, որ նա չի կարդացել ՇՄԱԳ փաստաթուղթը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

«Վարչապետ Փաշինյանին իրական տեղեկություններ չեն տալիս, թաքցնում են, քանի որ կան բոլոր հիմքերը` այդ ապօրինի ծրագիրն ի չիք դարձնելու: Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման դրական եզրակացությունն ստացվել է կեղծիքով: Եզրակացության մեջ ամբողջովին ծածկել են այն սպառնալիքները, որոնք վերաբերում են Հայաստանի հողին, ջրին, մթնոլորտային օդին, կենդանական և բուսական աշխարհին, մարդկանց առողջական վիճակին: Ամուլսարի ՇՄԱԳ-ը 840 էջանոց փաստաթուղթ է՝ բազում կոծկումներով, թերություններով: Կան աճպարարություններ՝ իբր մեղմման միջոցներ են կիրառվելու. դրանք ընդհանրապես քննության ենթակա չեն, քանի որ շատերն ուղղակի անհեթեթ են»,- նշեց Հակոբ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով այսօր հայտարարել էր, որ Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չտալու որևէ իրավական հիմք չկա և Ջերմուկի բնակիչներին խնդրել էր ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ «Լիդիան» ընկերությունն ամենաբարձր մակարդակով խոստանում է ապահովել անվտանգությունը և պահպանել բոլոր չափանիշները։ Այս հայտարարության վերաբերյալ Հայաստանի կանաչների միության նախագահը նշեց. «Հավանաբար նա բնակչությանն ուզում է ասել, որ ինչպես նա բարձր մակարդակի կեղծիքով ստացավ ՇՄԱԳ դրական եզրակացությանը, նույն բարձր մակարդակի աճպարարությամբ պետք է շահագործի: Ով ուսումնասիրել է խնդիրը, գիտի, որ սա վիրավորական է հայ ժողովրդի, հայոց պետականության համար, որ օրը ցերեկով սևը սպիտակի տեղ են ուզում անցկացնել»:

Հակոբ Սանասարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրեն փայլուն է դրսևորել լիբանանյան «Էլարդ» փորձագիտական խմբի հետ հանդիպմանը, սակայն դրան չեն հետևել նույն տրամաբանությամբ գործողություններ. «Հիմա չեմ հասկանում՝ ինչո՞ւ նա չի ուզում այդ ամեն ինչը հասկանալ, կամ ձևացնում է, որ չի հասկանում: Կա երկու Նիկոլ Փաշինյան, մեկը հրաշալի հռետոր, վերլուծաբան, և կա մեկ այլ Նիկոլ Փաշինյան, որին ես ականատես եղա օգոստոսի 19-ի փակ քննարկմանը և դրանից հետո, երբ իր համար բոլոր դռները բացվեցին, երբ պարզվեց, որ Քննչական կոմիտեն 100 տոկոսանոց սուտ է ասում, որ ռիսկերը կառավարելի են»:

Նրա համոզմամբ՝ 2018 թ.-ի ապրիլին հայ ժողովուրդը իշխանափոխություն էր պահանջում նաև, որպեսզի հանքարդյունաբերությունը հարմարեցվեր ՀՀ տնտեսության և հայ ժողովրդի շահերին:

«Հավանաբար Իվանյանին կարգադրող կա՝ ստի՛ր, մենք քո թիկունքում ենք: Կա մի բարձրաստիճան պաշտոնյա, որը գուցե իր ներքին իրավունքով ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանը: Տիգրան Ավինյանի մասին է խոսքը: Կարող է և չեն հասկանում, թե ինչ աղետալի ծրագիր է: Երկրորդ՝ կան մարդիկ, որոնց համար շատ կարևոր է շահադիտական նպատակը: Պատահական չէ, որ ժամանակին ասում էին՝ վայրենի կապիտալիզմի նպատակը հետևյալն է՝ երկնքից իջեցնել ժողովրդի պաշտած աստվածներին և այնտեղ տեղափոխել փողը»,- ասաց Հակոբ Սանասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


tert.am


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ