Քաղաքական - ԼՀԿ-ի համար անակնկալ չի եղել Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

ՀՀ ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցությունն ակնկալել է, որ Արման Բաբաջանյանի գործունեության  որոշակի փոփոխություն պետք է լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք անակնկալ էր Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելը:

«Սպասելի է եղել, որ պետք է լինի որոշակի գործունեության փոփոխություն՝ նրա վերջին շրջանի տարբերվող գործունեության հետ կապված: Այսինքն` ակնկալել ենք, և նա իր հայտարարությամբ հանդես է եկել: Մենք նստաշրջան ենք սկսում, և ճիշտ կլինի, որ խմբակցությունը ցանկացած հարցում լինի միասնական:  Սա քաղաքական խնդիր է, որևէ կերպ թույլ չեմ տա, որ տեղափոխեն անձնական դաշտ»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նշեց՝ ակնկալում են, որ Բաբաջանյանը մանդատը կվերադարձնի, և դա ասում են բացառապես քաղաքական կոնտեքստում: Նա մեկնաբանեց նաև, թե ինչու են նման բան ակնկալում: «Խորհրդարանական կառավարման երկրում ցանկացած ուժ ձայներ է հավաքում իր ծրագրերի, իր գաղափարների և արած քարոզարշավի արդյունքում: Եվ մեր ծրագիրն իրականացնելու համար մենք ստացել ենք 18 մանդատ»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ մի մանդատի նվազելը նշանակում է, որ ծրագրի գեներացման համար մանդատ  է նվազում:

Մարուքյանը նկատեց, որ Բաբաջանյանն առաջինը չէ, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ դուրս են եկել խմբակցությունից: Նա չբացառեց, որ երբ սկսեն Կուսակցությունների մասին օրենքը, Ընտրական օրենսգիրքը քննարկել, հանդես կգան  առաջարկներով, որ կուսակցության՝ քաղաքական ուժի միջոցով մանդատ ստանալուց հետո, երբ անհամաձայնություններ լինեն, ապա դա չվնասի այդ ուժին, մանդատները չնվազեն:

Մարուքյանը Բաբաջանյանի հետ մտաբերեց միայն մեկ անհամաձայնության՝ ՍԴ-ի հարցով:  Միևնույն ժամանակ նա նորմալ համարեց, որ խմբակցություններում կա բազմակարծություն, սակայն  շեշտեց՝ եթե ընդունվում է որոշում, բոլորը դա կատարում են:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ  ցանկանում է լքել խմբակցությունը, սակայն պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշում դեռ չի կայացրել:

 

tert,am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ