Միջազգային - Թուրքիան և ԱՄՆ-ն սկսել են պարեկային հերթապահություն իրականացնել Սիրիայում. Դամասկոսը դատապարտել է այդ քայլը (տեսանյութ)

Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ պարեկային հերթապահությունը երկրի հյուսիսարևելյան շրջանում ստեղծված անվտանգության գոտում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական աղբյուրին:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք և ամերիկացի զինվորականները համատեղ ցամաքային հերթապահություն են իրականացնում Սիրիայի հյուսիս-արևելքում՝ անօդաչուների և վեց միավոր զրահատեխնիկայից կազմված շարասյան կիրառմամբ:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի վարչակազմի և Թուրքիայի կողմից իրականացվող համատեղ հերթապահությունը սիրիական Ջազիրա շրջանում, ինչը միջազգային իրավունքի, Սիրիայի ինքնիշխանության և միասնության կոպիտ խախտում է»,- ասել է Սիրիայի ԱԳՆ աղբյուրը:

Վերջինս հավելել է, որ այդ քայլն իրենից ագրեսիա է ներկայացնում, որն ուղղված է սիրիական ճգնաժամը բարդացնելուն:

Անկարայում ավելի վաղ ավարտվել էին թուրք-ամերիկյան բանակցությունները Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մասին: Պաշտոնական Դամասկոսը կտրականապես դեմ է հանդես եկել անվտանգության գոտի ստեղծելու մասին համաձայնագրին, քանի որ սիրիական կառավարության կարծիքով այն ակնհայտ հարձակում է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ:


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ