Տնտեսություն - Ընդլայնվում է Արաքսի հովտի մշակման ռազմավարական ծրագիրը

2018 թվականի սկզբին ստեղծված «Արաքս գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ընդլայնում է Արաքսի հովտի մշակման ռազմավարական ծրագիրը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արաքս գոտի» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գրիգորի Սաֆարյանը և ավելացրել, որ ընկերությունը տարիներով անմշակ հողատարածքները պետական միջոցներով մշակում և վարձակալությամբ տրամադրում է մենատնտեսներին:

Նրա խոսքով՝ Արաքսի հովտի գյուղատնտեսական նշանակության հողերից ներկայիս մշակության համար պիտանի է մոտ 3000 հա վարելահող, որից ոռոգվում է 1700 հա-ը, այժմ մշակվում է 56 հա խաղողայգի, որից 31 հա-ում կատարվել է երիտասարդացում, 25 հա նռան և 15.5 հա պտղատու այգիներ, այդ թվում՝ սերկևիլ, արքայախնձոր և դեղձ: 2019 թ.-ի բերքի տակ մշակվել է շուրջ 1350 հա վարելահող:

«Ընդհանուր առմամբ, տարբեր անձանց կողմից վարձակալվել է շուրջ 833 հա հող, որի մի մասը, տարբեր հանգամանքներով պայմանավորված, չի մշակվում: Նրանք, ովքեր վարձակալել և չեն մշակում, ստիպված են լինելու իրենց տեղը զիջել գործունյա մենատնտեսներին: Պետք է նշեմ, որ իրականում մեծ ծավալի աշխատանք է իրականացվում, և ներկայումս էլ նոր հողատարածքները պիտանելի դարձնելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,- մասնավորապես նշել է Գ. Սաֆարյանը:

 Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանն ասել է, որ Արաքսի հովտում գյուղատնտեսները զբաղվում են և՛ այգեգործությամբ, և՛ հացահատիկային, և՛ բանջարանաբոստանային կուլտուրաների մշակմամբ:

«Այգեգործության ոլորտում հիմնականում իրականացվում է նռենու այգիների մշակում: Նախատեսվում է նաև նորերի մշակումը: Ոռոգովի դաշտերը ևս կընդլայնվեն: Աշխատուժի հետ կապված մի շարք խնդրահարույց հարցեր կան, որոնք առաջիկայում կկարգավորվեն: Պետական աջակցություն կա, և համոզված եմ, որ այս ծրագրերը կհասնեն հաջողության, քանի որ մենատնտեսները մեզ դիմում են ոչ միայն Արցախից և Հայաստանից, այլև արտերկրից»,-ավելացրել է Կ. Պետրոսյանը:


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ