Տնտեսություն - Գյումրիի ավտոմաքսատան ավելի քան 1.1 մլրդ դրամ արժողությամբ շինաշխատանքներն սկսվել են առանց մրցույթի և նախագծի. ընկերության տնօրենի խոսքով՝ հանձն են առել ոչ թե գումարից, այլ պատվից ելնելով

«Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող 21 հա հատուկ նշանակության հողատարածքում Գյումրիի ավտոմաքսատան նախաշինարարական աշխատանքները սկսվել են, մինչդեռ նախագիծը դեռևս պատրաստ չէ: Իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ավտոմաքսատան կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին:  

Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը վստահված է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին, որի տնօրեն Արամ Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ ցայտնոտային վիճակ չկա, միաժամանակ հաստատեց՝ աշխատանքը բեռ է, որն իրենք հանձն են առել ոչ թե գումարից, այլ պատվից ելնելով:

Նշենք նաև, որ Պետական եկամուտների կոմիտեն Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին է պատվիրել առանց մրցույթի, մեկ անձից գնման կարգով։ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու են առանց մրցույթի պատվիրել կառուցումը, պարզաբանել էր, որ սովորաբար, նման գործարքները՝ պայմանավորված ծրագրի իրականացման հրատապությամբ, կատարվում են մեկ անձից գնումով:

Արամ Ադամյանն այս մասին ասաց. «Իրենք ուսումնասիրել են և գտել են, որ մեր ընկերությունը կարող է այդ ծանր բեռը տանել, բացի այդ՝ աշխատելու են մեզ հետ մի շարք շինարարական կազմակերպություններ ևս, միայն մեր կազմակերպությունը չի, մի տաս կազմակերպություն պետք է աշխատի, որպեսզի կարողանանք այդ բեռը թեթևացնել, կարողանանք օբյեկտը շահագործել: Սա այն հարցն է, որ մենք ուզում ենք պատվով կատարենք, որ բոլորը տեսնեն, թե կարճ ժամանակում ինչպես կարող են պատվով կատարել ու վերջացնել: Մենք ուզում ենք դա անենք, մեզ չի հետաքրքրում կոռուպցիոն, մյուս, մյուս հարցերը, որ շահարկվում է, ընդհանրապես գումարային հարցեր չի հետաքրքրում, պատվի հարցն է միայն հետաքրքրում»:

Չնայած նրան, որ ընթացակարգերը չեն պահպանվել, Ադամյանը հավատացրեց, որ անորակ աշխատանք չեն անի:

«Մեր կողմից հողային նախապատրաստման, պայթեցման աշխատանքները հիմնականում կատարվել են, բայց դեռևս նախագծային աշխատանքները չեն ավարտվել, որովհետև հնարավոր չէ այդպիսի սեղմ ժամկետում արագ տեմպերով նախագիծ անել, դա կլինի անորակ: Ընթացքում նախագիծն անում են, ճշգրտումներ կատարում են, և շինարարներն ըստ այդ նախագծի պետք է շարժվեն առաջ»,-ասաց նա և նշեց, թե տեղյակ էլ չէ, թե ում են վստահվել նախագծման աշխատանքները:

Հարցին՝ առանց նախագծի ինչպե՞ս են հաշվարկել, թե ինչքան գումար է պետք ավտոմաքսատան շինարարության համար, Արամ Ադամյանը նշեց, որ նախահաշիվը հաշվարկվել է պետական գնացուցակով՝ ինչպես օրենքն է պահանջում և ըստ ծավալների նախահաշիվ են կազմել: «Ընդհանրապես շեղումներ չեն լինի: Եթե նախագիծը լինի, հետո փոփոխություններ լինեն, շեղումները ավելի շատ կարող են լինել, բայց եթե շինարարությունը նախագծի հետ միաժամանակ է կատարվում, այդ դեպքում, ինձ թվում է, անելիք չկա»,-ասաց նա:

Նշենք, որ ավտոմաքսատան կառուցման համար Կառավարությունը տրամադրել է ընդհանուր ավելի քան 1,1 մլրդ դրամ։ Կառավարության օգոստոսի 1-ի նիստին ընդունված որոշման համաձայն՝ հատկացվել է 181 մլն դրամ և 21,5 հա տարածք, իսկ օգոստոսի 8-ի նիստի որոշմամբ տրամադրվել է ևս 966 մլն 480 հազար դրամ։

Ի դեպ, ըստ մամուլի՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն Շիրակի մարզի Ախուրյան համայնքում է գործում և պատկանում է Գյումրու ավագանու իշխող «Բալասանյան» խմբակցության անդամ Արտակ Ադամյանի հորը՝ Արամ Ադամյանին։

Խոսելով շահարկվող հնարավոր կոռուպցիոն կապերի մասին, Արամ Ադամյանը հավաստեց, որ ոչ մեկի հետ կոռուպցիոն որևէ կապ չունեն:

«Մեր կազմակերպությունը պատվով կատարել է բազում աշխատանքներ, իրենք ուսումնասիրել են կազմակերպություններին և դիմել են մեզ՝ թե կարո՞ղ եք այս աշխատանքը կատարել, մենք էլ ասել ենք՝ կարող ենք, եթե մյուս կազմակերպությունները նույնպես աշխատեն»,-ասաց Ադամյանը և նշեց, որ դա չի ենթադրում, որ ողջ պատասխանատվությունն իրենց վրա է:

«Պատասխանատվությունը բոլորի վրա պետք է լինի, մենակ մեր վրա չէ՝ և՛ նախագծողից սկսած, և՛ պատվիրող կողմից, բոլոր կապալառուներից, բոլորն էլ կրում պատասխանատվություն, ամեն մեկն իր չափով»,-ասաց նա:

«Մերձմոսկովյան» ԲԲԸ տնօրենը նշեց, որ իրենք նման բազա կառուցելու փորձ ունեն՝ իրենք են օգնել, որ Բավրայի մաքսակետի շինարարությունը ժամանակին ավարտին է հասցվել. «Եթե մենք չմասնակցեինք, մեզ չկանչեին, կարող էր այդ օբյեկտի շինարարությունը մի տարի ավել ձգձգվեր»:

Նա նաև նշեց, որ շատ կազմակերպություններ են ցանկացել հանձն առնել այս աշխատանքը, բայց հետո հրաժարվել են:

Արամ Ադամյանի խոսքով՝ մի քանի օր հետո ավտոմաքսատանն արդեն կարող է մոտավոր 200-300 մարդ աշխատել:

 
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ