Քաղաքական - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Մանվել Գրիգորյանի որդու մասնակցությամբ միջադեպից (տեսանյութ)

Ոստիկանությունը տեղեկություն է տարածել Վաղարշապատում հնչած կրակոցների մասին։

«Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևան-Արմավիր ճանապարհին՝ Արշալույս համայնքի սկզբնամասում, երթևեկության հետ կապված հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու երիտասարդի միջև։ Այդ ընթացքում Նրանցից մեկը ատրճանակը պարզել է մյուսի վրա ու կրակոց արձակել, ինչից հետո հեռացել է։ Վաղարշապատի ոստիկանները ստացած տվյալների իսկությունը ստուգելուց հետո կարճ ժամանակում հայտնաբերեցին Էջմիածնում ապրող 26-ամյա երիտասարդին ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է փականով դանակ։ Երիտասարդի վարած «Հունդայի» մակնիշի ավոտմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության տեքստում։

Ավելի վաղ shamshyan.com կայքը տեղեկացրել էր, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել և Արշալույս գյուղի սկզբնամասում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Կորյուն Խ.-ի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Արա Գ.-ի միջև:

Վիճաբանության ժամանակ Արա Գ.-ն իր մոտ եղած ատրճանակը ուղղել է Կորյուն Խ.-ի ուղղությամբ և կրակոց արձակել:

Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Կորյուն Խ.-ին, ով եղել է ГАЗель մակնիշի 36 DQ 767 համարանիշի ավտոմեքենայով և հրավիրել է բաժին, որտեղ սկզբից նա ոստիկաններին հայտնել է, որ ոչինչ չի եղել, սակայն տեսնելով, որ ոստիկանների տեղեկությունները հավաստի են, խոստովանել է, որ նշված վայրում Արա Գ.-ն իր վարած Hyundai մակնիշի 01 AA 045 համարանիշի ավտոմեքենայի միջից 2 անգամ փորձել է կրակել իր ուղղությամբ, որից մեկը կրակվել է, սակայն ինքը խույս է տվել, որի արդյունքում իրեն վնաս չի պատճառվել:

Կրակոցը արձակելուց հետո Hyundai-ի վարորդը առանց որևէ խոսք ասելու հեռացել է դեպքի վայրից: Արմավիրի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արա Գ.-ին ու նրա ավտոմեքենան:

Արա Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է իր մոտ եղած «Կիմար» տիպի գազային ատրճանակը ու հայտարարել, որ այն պատկանում է իրեն:

Արա Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արա Գ.-ն կալանավորված գեներալ- մայոր Մանվել Գրիգորյանի տղան է:



 
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ