Քաղաքական - «Այդ հարցը պետք է լուծել առկա և հաստատված ձևաչափերում». Մարիա Զախարովան՝ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողի շուրջ ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակը մեկնաբանել է օգոստոսին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ինձ թվում է, այդ հարցերը պետք է լուծել առկա և դրա համար հաստատված ձևաչափերում, դրանք կան: Ես չեմ կարծում, որ իմ կողմից լրացուցիչ քաղաքական գնահատական է պահանջվում: Մենք ունենք գործող մեխանիզմ, կան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ: Նրանք կարող են անհրաժեշտության դեպքում համապատասխան մեխանիզմներ գործի դնել՝ կողմերին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու նպատակով»,- Մոսկվայում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է, որ եթե կողմերն այս կամ այն հարցում աջակցության կարիք ունեն, օրինակ՝ Ռուսաստանի, այդ հարցերը նույնպես կարող են լուծվել երկկողմ հիման վրա՝ դիվանագիտական ալիքներով:

19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել էր օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց Պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:

Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները քարոզչություն էր որակել։ Նա նշել էր, որ կարծում է՝ զինծառայողը տեղանքում մոլորվել է։

 

Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 58.11 րոպեից.


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ