Տարածաշրջան - Աղթամարի եկեղեցում տեղի ունեցածը թուրք-ադրբեջանական կեղտոտ մանիպուլյատիվ հնարք է․ ադրբեջանագետ (տեսանյութ)

Օգոստոսի 28-ին ադրբեջանական «Վեստի» լրատվականը (vesti.az) հոդված էր հրապարակել, որտեղ նշված էր, որ ուդի-աղվանական համայնքի ներկայացուցիչներն այցելել են Աղթամարի վանք ու «կրոնական ծես» անցկացրել: Հոդվածին կցված էր նաև տեսանյութ, թե ինչպես են նրանք Աղթամարում ադրբեջաներենով ծիսակարգ կատարում։ Հատկանշական է, որ տեսանյութում երեւում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։

Կատարվածի վերաբերյալ «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ այն կարելի է դիտարկել որպես կեղտոտ մանիպուլյատիվ քարոզչական հնարք։ Փորձագետի խոսքով՝ նախ եկեղեցի ժամանած պատվիրակության մեջ Ադրբեջանից եկած գործիչներ էին, որոնք ֆինանսավորվում են պետական միջոցներից։

«Ադրբեջանում ուդիաբնակ մեկ գյուղ է պահպանվել՝ Նիժ գյուղը, որտեղ շուրջ 3 հազար ուդի է բնակվում։ Իրենց կոմպակտ բնակեցման վայրն է։ Նախկինում  նաև եղել են Վարդաշենում կամ Օղուզի շրջանում, բայց այդտեղից հենց ադրբեջանական կողմի ճնշման ներքո քշվել են, արտաքսվել են»,- նշեց Հովհաննիսյանը։

Փորձագետի փոխանցմամբ՝ «ծիսակատարության» կազմակերպիչներից մեկը Իգդիրում գործունեություն ծավալած հակահայ գործիչ է, որը ֆինանսավորվում է ադրբեջանական պետական կառույցների կողմից և ներկայացնում է ադրբեջանական ամենալուրջ համայնքներից մեկը։

Աղթամարի վանքում տեղի ունեցածը, ըստ նրա, պայմանավորված է եղել թուրքական կողմի, մասնավորապես՝ Վանի ղեկավարության հետ։

Հարցին, թե ուդիները չունե՞ն իրենց խորհրդանիշները, օրինակ՝ սեփական դրոշը, Հովհաննիսյանն ասաց, որ ուդիները, որտեղ որ բնակություն են հաստատել, ձուլվել են։

«Աշխարհում մինչև 10 հազար ուդի է հաշվվում։ Ադրբեջանի տարածքում բնակվողները՝ շուրջ 3 հազարը, որոշակի ծեսեր պահպանել են, քրիստոնեությունը պահպանել են, բայց հիմնականում լեզվով ու մնացածով ձուլված են ադրբեջանական, թյուրքական հասարակությանը, հոգեբանությամբ առաջին հերթին իրենց ազդեցության ներքո են»,- հավելեց նա։

Ադրբեջանական հարցերով փորձագետը նկատում է նաև, որ Աղթամարի վանքի շուրջ թուրքերի և ադրբեջանցիների միջև կար հակասություն․ թուրքական կողմից պատվիրակության անդամները նշում էին, որ դա քրիստոնյա թուրքերին է պատկանում, իսկ ադրբեջանական կողմը, որ դա Աղվանքի ժողովուրդներից ուդիներին է պատկանում։  

«Օրբել»-ի կենտրոնի փորձագետը հավելեց, որ մինչև 2006 թվականը ուդիների իրավունքների վերաբերյալ ադրբեջանական իշխանությունները որևէ բան չէին անում, սակայն հետո սկսեցին նրանց օգտագործել քարոզչական նպատակներով։

«Այդ թվականին թույլատրեցին բացել եկեղեցին և ծիսակատարություններ իրականացնել այդ գյուղի տարածքում (Նիժ գյուղում – հեղ․)։ 2010-ական թվականներից սկսեցին համայնքի ղեկավարներին օգտագործել իրենց քարոզչության համար, այսինքն՝ բնականաբար հակահայկական քարոզչություն տարածելու։ Իրենց մոտ հիմնական թեզերից մեկն այն է, որ բոլոր եկեղեցիները ոչ թե հայկական են, այլ իրենց ասած՝ Կովկասի ալբանացիներինը»,- ընդգծեց ադրբեջանագետը։



 a1plus.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ