Հասարակություն - ՀՀ քաղաքացիները մնացել են Կիպրոսում. թռիչքը սպասարկող ընկերությունը չի պատասխանում նրանց զանգերին

Մենք մնացել ենք Կիպրոսի Լառնակա քաղաքում եւ ոչ ոք չի կարողանում ասել, թե Հայաստանից ե՞րբ ինքնաթիռ կգա, որ մենք վերադառնանք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լառնակայում մնացած ՀՀ քաղաքացիներից Քրիստինե Մնացականյանը։ Նա պատմեց, որ հանգստանալու նպատակով են մեկնել Կիպրոս եւ այսօր պետք է վերադառնային։

«Կիպրոսի ժամանակով 16։30 պետք է թռիչքը լիներ, այսինքն՝ հիմա Հայաստանում պետք է լինեինք, բայց ինքնաթիռը չի եկել։ Մեզ ասում են, երբ ինքնաթիռը գա, այդ ժամանակ էլ կգնաք։ Ամբողջ ինքնաթիռի ժողովուրդն օդանավակայանում նստած սպասում են։ Քիչ առաջ հյուպատոսարանից արձագանք եղավ, թե ինչով կարող են օգնել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ինքնաթիռը Հայաստանից չի եկել։ Հայաստանի ավիաընկերությունը՝ «Սպուտնիկ թրեվլը», մեր զանգերին չի պատասխանում, էջին էլ ենք գրել չի պատասխանում»,- ասաց Քրիստինե Մնացականյանը։

Նրա խոսքով՝ իրենց ահազանգերից հետո խնդիրը հնչեղություն է ստանում, եւ քիչ առաջ օդանավակայանում իրենց սննդի կտրոններ են բաժանել, բայց գիշերելու հարցը մնում է օդում կախված։

«Այստեղ կան նաեւ շատ երեխաներ, ինձ հետ են 2 երեխաներս. չգիտենք ինչ է լինելու»,– ասաց Քրիստինեն։

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ