Տնտեսություն - 99% համոզված եմ՝ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը հրկիզված է․ հրդեհից տուժած գործարարները վարչապետի աջակցությունն են ակնկալում և խնդրում բացահայտել, թե ում են շուկայում խանգարում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում խոշոր հրդեհից տուժած գործարարն ավելի քան վստահ է՝  սառնարանը միտումնավոր այրել են։ Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ –ի տնօրեն Արթուր Անդրեասյանը, ով օգոստոսի 19-ին բռնկված հրդեհից շուրջ  600 տոննա մսամթերքի կորուստ է ունեցել։

«Ես առաջին անգամ եմ լսում, որ սառնարան է հրկիզվում, սառնարանի պահեստային մասում -16, -20 աստիճան սառնություն կա, ո՞նց կարող է  հրկիզվել, չգիտեմ՝ ինչ եզրակացություն կտան, բայց 99 տոկոս համոզված եմ, որ հրկիզված է»,- ասաց նա:

«Մոտ վեց ամիս է՝ մեր սառեցված ապրանքները պահպանում ենք սառնարանի պահեստում՝ թռչնի, տավարի, խոզի սառեցված տարբեր տեսակի մսամթերք է՝ մոտ 900 տոննա, որից ամենաշատ քանակը մեր մսամթերքն է եղել «Ձյունիկ սառնարանում»։ Սառնարանում պահպանության համար ամսական 9 մլն գումար ենք փոխանցել, իսկ հրկիզումից հետո կարողացանք 300 տոննա փրկել, մնացածը այրվել է։ Մոտ 600 տոննան այդ ապրանքներից մնաց սառնարանի պահեստներում, և այս պահին գնում են ապրանքների մաքրման աշխատանքները»,-ասաց նա։

Գործարարը նշեց, որ 12 ընկերություններն ընդհանուր առմամբ 30 մլն դոլար արժողությամբ  ապրանք են կորցրել։ «Բայց այնտեղ մարդիկ են եղել, որ 25, 50 տոննա են ունեցել, իրենց օգնել ենք, ապրանքները հանել են»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։

Արթուր Անդրեասյանը  տեղեկացրեց, որ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ն նաև բոլոր  գործարարների անունից դիմել է վարչապետին՝ կառավարությունից աջակցություն ակնկալելով։ «Քանի որ ապրանքները չենք վաճառել, գոնե հետ վերադարձնեն մեր ներկրած այդ ապրանքների ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը։ Պետությունը գոնե պետք է աջակից լինի գործարարներին, հաշվարկեն և չեղարկեն մաքսատուրքերն ու ԱԱՀ-ն. մոտ 700-800 հազար դոլարի մասին է խոսքը»,-ասաց նա։  

Թե ինչպես են նման մեծ ծավալի ապրանք տվել պահպանության, բայց պայմանագրում դրանք չեն ապահովագրել, գործարարը նշեց, որ չէին կարող ապրանքները ապահովագրել,  քանի որ ամեն օր ապրանք ենք ավելացնում և տեղափոխում, նա ասաց. «Այսօր կարող ենք 5 մլն-ի ապրանք պահեստավորել, քանի որ պատասխանատվությունը «Ձյունիկ սառնարանի» վրա է,  իրենք պետք է ապահովագրեին, որ այսօր այս փաստի առաջ չկանգնեինք։ Մենք յուրաքանչյուր  ամիս 9 մլն պահպանության համար գումար ենք վճարել, իրենք պետք է պատասխան տան և մեր ապրանքը ոնց ընդունել են, այդպես էլ հանձնեն։ Պայմանագրում ամեն ինչ կա, բայց խնդիրն այն է, որ «Ձյունիկ սառնարանի» շենքը գրավ է դրված բանկում 3,5 մլն դոլարով, և արդեն ընկերությունը սնանկության է գնում» ։

«Դոնման» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիս Սուքիասյանը նշեց, որ ինքը 100-ից ավելի տոննա մսամթերք է ունեցել սառնարանում, որն այրվել է։ «Անորոշ վիճակ է, փորձում ենք  մատակարար ընկերություններին բացատրել իրավիճակը, որ որոշ ժամանակով ուղարկեն մսամթերք, որ կարողանանք ոտքի կանգնել, բանակցությունների մեջ ենք, ժամանակը ցույց կտա, թե ինչ օգուտ կտա, բայց  գործարարներն այդ ժամանակն էլ  չունեն»,-ասաց նա։

Ի դեպ, Արթուր Անդրեասյանը  նշեց, որ միայն իրենց ընկերությունը ներկրված մսամթերքի շուկայի 25-30%-ն է կազմում, իսկ հրդեհից հետո նա վստահ է, որ  դեֆիցիտ կլինի, և հնարավոր է, որ մյուս ներկրողները առիթից օգտվելով բարձրացնեն ապրանքի գները։

«Եվս մեկ խնդրանք ունեմ  վարչապետին, որպեսզի  հանձնարարի և բացահայտի այն չարաբաստիկին, որ հրկիզեց սառնարանը, մենք բոլորս ուզում ենք իմանալ ճիշտը, թե ինչի  համար հրկիզեցին, գուցե մենք խանգարում ենք շուկայում այլ ներկրողների»,-ասաց նա։

 tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ