Մշակույթ - «Արի՛, գութան, վարի՛, գութան...»

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է Աստված, հորովե՜լ։

 

Հովհաննես Թումանյան

 

 

Օգոստոսի 23-ին, ժամը 19.00 Կասկադում արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին, և այս առիթով փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասի մասին պատմող 5 կարճամետրաժ ֆիլմեր: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբի կազմակերպած արտագնա ասուլիսի ժամանակ ասաց «Գութան» փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Մրրոն՝ Արսեն Գրիգորյանը:

 

Նա նշեց, որ փառատոնի հիմնական նպատակը մեր ազգային մշակույթի՝ երգ ու պարի տարածումն ու հանրահռչակումն է: Քանի որ այս տարի լրանում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակը, ուստի փառատոնը նվիրված կլինի նրան, իսկ Կոմիտասը, ըստ Ա. Գրիգորյանի, անձ չէ, այլ ազգային ինքնությունը պահող հզոր գաղափար, և փառատոնի ընթացքում կներկայացվեն նաև կոմիտասյան գործեր:

 

«Գորանի» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Զավեն Թագակչյանն էլ շեշտեց, որ կներկայացվեն նաև Միհրան Թումաճանի մշակումներից, քանի որ Կոմիտասը մենակ չէր իր ազգապահպան գործում, և այդ աշխատանքին լծված էին նաև նրա աշակերտները:

 

«Ակունք» ավանդական երգի-պարի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը նշեց, որ շատ ուրախալի է, որ այս տարի «Գութանին» մասնակցում է նաև համույթ Արցախից: Նա հույս հայտնեց, որ հետագայում կմիանա նաև Սփյուռքը:

 

«Նուբար» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Լուսինե Նազարյանը կարևորեց այն հանգամանքը, որ «Գութանն» այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս խմբերին մեր ազգային մշակույթը ներկայացնելու իր մաքուր, անխառն վիճակով, քանի որ, ըստ նրա, «Գութան» փառատոնը բռնել է Կոմիտասի գութանի ճանապարհը:

 

Լ. Նազարյանի հետ համաձայն էր «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի համույթի համահիմնադիրներից Հայարփի Անանյանը, որը կարևորեց մեր հսկայական ժառանգությունը փառատոնի միջոցով հանրայնացնելու հնարավորությունը:

 

Միջոցառման զանգվածային լինելու հանգամանքն ընդգծեց նաև «Զարթոնք» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Սարգսյանը՝ նշելով, որ «Գութանը» հասարակական-քաղաքական շատ կարևոր միջոցառում է:

 

«Ոստան» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գայանե Աբելյանն էլ անդրադարձավ այն փաստին, որ «Գութանի» ընթացքում ամեն անգամ՝ արդեն 6 տարի շարունակ, ներկայացվում են ամբողջական Հայաստանի տարբեր շրջանների երգեր ու պարեր, և նշեց, որ իրենք այս տարի ներկայացնելու են մասունքներ Բալուից:

 

Ի դեպ՝ Արսեն Գրիգորյանը հավելեց, որ «Գութանին» մասնակցելու գլխավոր նախապայմաններից են պարտադիր կենդանի երաժշտությունը՝ ազգային նվագարաններով, և կենդանի կատարումները:

 

Անդրադառնալով Գութան փառատոնի ևս մի կարևոր առանձնահատկության՝ «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանն էլ հպարտությամբ նշեց, որ փառատոնն իրենց է՛լ ավելի միասնական է դարձնում:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ