Հասարակություն - Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերները նյարդային են, քանի որ կադրերի պատճառով չի կարողանում կատարել խոստումները. կառավարման հոգեբան Ռուբեն Աղուզումցյան

Արդյունավետ կառավարումը կարող է լինել կայուն պայմաններում, իսկ կայուն պայմանները պայմանավորված են կադրային քաղաքականությամբ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, կառավարման հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունավետությանը: Նրա կարծիքով՝ մեր կառավարության կադրային քաղաքականության հարցը բավականին խնդիրներով է:

- Պարո՛ն Աղուզումցյան, որքանո՞վ  է արդյունավետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը:

 - Արդյունավետ կառավարումը կարող է լինել կայուն պայմաններում, կայուն պայմանները պայմանավորված են կադրային քաղաքականությամբ: Մեր կառավարության կադրային քաղաքականության հարցը բավականին խնդիրներով է, ինչը հաստատվում է նաև նրանով, որ մենք տեսնում ենք՝ փոխվում են կառավարչական համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Այս առումով կարող են լինել շատ տարբեր ու անսպասելի երևույթներ, որոնք կողքից կարող են անհասկանալի թվալ: Մենք տեսնում ենք, որ վարչապետը կառավարության նիստերին երբեմն խիստ նկատողություն է անում, սա նաև նրանով է պայմանավորված, որ կարող են լինել որակյալ մասնագետներ, բայց ոչ՝ կառավարիչներ: Այս ամենի հետևանքով կարող են լինել տարբեր պրոբլեմային իրավիճակներ:

- Ինչպես նկատեցիք, շատ անգամ վարչապետը խիստ է խոսում կառավարության մյուս անդամների հետ՝ շեշտելով, որ հանձնարարականը վաղուց տրված է, սակայն կատարված չէ: Ինչո՞ւ չեն ենթարկվում իրենց ղեկավարին:

- Այստեղ խոսքը միայն չենթարկվելու մասին չէ, հնարավոր է՝ նաև չեն կարողանում կատարել, բայց մարդիկ կառավարման փորձ ձեռք են բերում նաև սխալների միջոցով, թեպետ, ոչ բոլորի մոտ է սխալը դրական իմաստով դաս լինում: Շատ հաճախ սխալն այլ սխալի է հանգեցնում, և այս իմաստով կարելի է հասկանալ վարչապետի վրդովմունքը: Շատ անգամ, երբ հակառակ տեսակետն է հնչում, ներկայացվում է որպես ընդդիմություն, հակաճառություն, բայց դա ավելի շատ փորձի բացակայություն է, սա խոսում է, որ մեր կառավարման համակարգն այդքան էլ արդյունավետ չի աշխատում:

- Ստացվում  է՝ պետական կառավարման համակարգում կառավարիչները բացակայում են, կարո՞ղ ենք արձանագրել, որ կառավարությունում կառավարման հոգեբանական ճգնաժամ կա:

- Ճգնաժամ չեմ ասի, քանի որ այն ծանր իրավիճակ է, այստեղ խոսքն ավելի շատ բացթողումների ու սխալ որոշումների ընդունման հարց է: Ճգնաժամից հետո հետ գալը, գրեթե, անհնարին է լինում, հիմա այդպես չէ: Ամբողջ հարցն այն է, որ հեղափոխությունից հետո կադրային քաղաքականությունը չգնաց պրոֆեսիոնալ մակարդակով, այլ գնաց այլ հիմունքներով՝ մարդիկ, ովքեր նվիրյալ էին հեղափոխությանը և այլն, սակայն հեղափոխություն կատարած անձն անպայման չէ, որ լինի որակյալ կադր կամ կառավարիչ, քանի որ պետական աշխատանքն ու կառավարումը բոլորովին այլ բան են: Այստեղ պետք են մասնագետներ, կառավարիչներ, սա հոգեբանական առումով ամենակարևոր հարցն է, որը մեզ մոտ բացակայում է: Այսինքն՝ յուրաքանչյուր մասնագետ համապատասխան գործունեության համար որոշ հոգեբանական հատկությունների անհրաժեշտություն ունի: Օրինակ՝ կառավարիչի համար շատ կարևոր է հաղորդակցումը, լսելու ու որոշում ընդունելու ունակությունը, քանի որ որոշում կարող ես ընդունել և՛ անձնային, և՛ խմբակային: Ցավոք, այս ամենը մեզ մոտ հաշվի չի առնվում, հաշվի չեն առնվում նաև բարոյական ու ոգեղեն հատկությունները: Կադրերի հոգեբանական ընտրությունը զարգացած երկրներում ընդունված է, ցավոք, ՀՀ-ում այն չկա:

- Խոսեցիք շփման մասին, օրինակ՝ վարչապետ Փաշինյանը շատ հաճախ հանրության հետ շփվում է ուղիղ եթերների միջոցով, որոնք շատ նյարդային են լինում: Ինչո՞վ  են պայմանավորված վարչապետի նյարդային ուղիղ եթերները:

- Այս հարցին ճիշտ գնահատական տալու համար շատ բաների իմացություն է հարկավոր, որը, բնականաբար, չգիտեմ: Սակայն կա իրավիճակ, որը նույն դրսևորումն է ունենում, գրեթե, բոլոր իրավիճակներում՝ կառավարման մեջ, ընտանիքում և այլն: Եթե որևէ բան ասում ես, ավելին՝ խոստում ես տալիս, բայց ինչ-որ պատճառով չի իրականացվում, որովհետև ստորին օղակներն այնպես չեն աշխատում, ինչի արդյունքում խոստումդ չի կատարվում, կարող ես շատ նյարդային լինել: Փաստորեն, ստացվում է, որ խոստացել է ու չի կատարում, կադրային հարց է, բնական է:

- Նյարդի թիրախն ինչո՞ւ է լինում հասարակությունը, այլ ոչ թե իր կադրերը, որովհետև շատ անգամ Նիկոլ Փաշինյանն անհաջողությունների մեջ մեղադրում է հասարակությանը՝ չաշխատելու, չսովորելու մեջ և այլն:

- Կադրերին էլ ասվում է, քանի որ մենք տեսնում ենք, որ բավականին մարդիկ են փոխվում կադրային համակարգում՝ հեռացվում են կամ այլ պաշտոնի նշանակվում: Ամբողջ հարցն այն է, որ ընդհանրապես կառավարման փորձն ունի ճանապարհ, մարդը պետք է անցած լինի կառավարման տարբեր աստիճաններով, որպեսզի ձեռք բերի լավ մենեջերի որակներ: Կառավարման ժամանակակից այս համակարգն այդ փորձը չունի, նա այլ փորձ ունի, բայց ոչ կառավարման՝ այն էլ պետական կառավարման: Այս փորձը կարող է առաջ գալ, սակայն կարող է նաև ուշացումով առաջ գալ, կարող է նաև ընդհանրապես չգալ:

- Պետական կառավարման մեջ Ձեր ասած փորձի բացակայությունն ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ:

- Կարող է այնպես լինել, որ շատ լավ մասնագետ լինի, բայց չկարողանա ոլորտը կառավարել, մենք նման օրինակներ շատ գիտենք: Մարդ կարող է հրաշալի ինժեներ լինել, բայց դա չի նշանակում, որ նա կարող է ոլորտը ղեկավարել: Լավ ինժեները, որը չունի ղեկավարման փորձ, կարող է կորցնել նաև լավ ինժեների հատկությունները:  Եթե նախորդ պաշտոնում իրեն լավ է դրսևորել, դեռ չի նշանակում, որ հաջորդում լավն է լինելու, քանի որ նոր պաշտոնը նոր հատկություններ է պահանջում: Այստեղ լուրջ հոգեբանական խնդիր է, քանի որ հոգեբանական ընտրությունը հնարավորություն է տալիս գտնել և ընտրել այն մարդկանց, որոնք կարող են այդ կոնկրետ պաշտոնում լինել արդյունավետ: Մեզ մոտ՝ Կառավարման ակադեմիայում, նման կադրեր տալիս են, սակայն պետական կառավարման համակարգում հոգեբանի հաստիք չկա, այդ պատճառով շատ անգամ կադրերի ընտրությունը սխալ է լինում:

- Նիկոլ Փաշինյանի կառավարման սխալներում տեսե՞լ եք օրինակներ, որոնք հենց  կառավարման փորձի բացակայության արդյունք են:

- Քաղաքական հարց է, ես իմ մասով՝ հոգեբանության տեսանկյունից կարող եմ պատասխանել. որոշ մարդիկ, որոնք հիմա կառավարման համակարգի մեջ են, կլինեն և կան, արագ փորձ են ձեռք բերում ու արդյունավետ կառավարում, սակայն խնդիրն այն է, որ մեկ անձով հնարավոր չէ կառավարել, քանի որ այն համակարգ է, թիմի մասին պետք է խոսք գնա: Շատ անգամ ասում են, որ երիտասարդ կադրեր են, բայց  30-40 տարեկանն ի՞նչ երիտասարդ, պարզապես փորձ չունեցող են: Երիտասարդ բառն այստեղ տեղին չէ, պարզապես համակարգի մեջ կան մարդիկ, որոնք արագ փորձ ձեռք կբերեն ու դրական արդյունք ցույց կտան, թիմ կհավաքեն, կան, որ չեն կարող անել: Պետական կառավարման ակադեմիան պատրաստում է կառավարիչներ, բայց աշխատանք չկա, թեպետ, ակադեմիան կառավարությանը կից է: Հիմա առաջին հերթին մտածում են այն մարդկանց մասին, որոնք իրենց համախոհն են, թեպետ, սա բոլոր տեղերում է այսպես: Երբ լուրջ հարցեր կան լուծելու, այս հարցն անտեսվում է, բայց խնդիրը նաև այն է, որ մենք միշտ պահանջում ենք, բայց մեզ հարց չենք տալիս՝ մեզանից ի՞նչ է պահանջվում խնդիրների կարգավորման համար:
- Վարչապետ Փաշինյանը հորդորեց  դատարանների մուտքերն արգելափակել, փողոցները փակել, և նրան մեղադրեցին պետական կառավարումը տապալելու մեջ:

- Յուրաքանչյուր փոփոխությունից հետո՝ կլինի դա հեղափոխություն, թե իշխանափոխություն, լուրջ պայքար է գնում: Այդ պայքարի ընթացքում շատ դեպքերում անթույլատրելի պահեր կարելի է տեսնել, որը բնական է, քանի որ խոսքը շատ մեծ գին ունեցող երևույթների մասին է: Այս առումով կարելի է հասկանալ, որ պայքարի ժամանակ կարող են լինել և՛թերություններ, և՛սխալներ: Պայքարն իր մեջ ունի բարձր հուզականություն, իսկ հուզականությունը շատ հաճախ խանգարում է ճիշտ որոշումներ ընդունելուն, այստեղ պետք է հասկանալով մոտենալ:

- Այսօր կառավարության դեմ շատ բողոքի ակցիաներ են լինում, նկատե՞լ եք կառավարության անդամների հռետորաբանության փոփոխություն:

- Այն մարդիկ, որոնք արդյունավետ կարող են լինել, նրանց հռետորաբանությունը փոխվում է, այն մարդիկ, որոնք չեն ուզում փոխվել, չեն ուզում համապատասխանել ժամանակին, չեն հասկանում, որ փոփոխություն է հարկավոր, նրանց հռետորաբանությունը չի փոխվում: Ասում են՝ ծնողը միշտ ճիշտ է, բայց ոչ խելոք ծնողը, քանի որ խելոք ծնողը երեխաներից սովորում է: Այստեղ էլ նույն բանն է, այսինքն՝ մարդիկ կան, որոնք ունեն պաշտոն, որտեղ իրենց զգում են ամեն ինչի տեր, թվում է՝ իրենք են միայն ճիշտ և այլն, այսինքն՝ նրանց մոտ բան չի փոխվի: Խելոքը դաս է քաղում նախկինից, իսկ ով խելոք չէ՝ շարունակում է սխալ գործել, սա էլ կադրային քաղաքականության խնդիր է:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ