Մշակույթ - «Պահպանենք և փոխանցենք ազգային երաժշտությունը Շիրակի մարզում» ծրագիրն ավարտվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Պահպանենք և փոխանցենք ազգային երաժշտությունը Շիրակի մարզում» խորագրով ծրագիրը:

Նախարարությունից  Panorama.am-ը տեղեկացավ, որ ծրագրի շրջանակում Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և «Շերամ» անսամբլի սաները համերգային ծրագրերով հանդես են եկել Շիրակի մարզի Ազատան, Ամասիա և Գյումրի համայնքներում՝ ներկայացնելով ծրագրի արդյունքում գրանցված և մշակված նոր երգերը։

«Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակվում են Արևմտյան Հայաստանից ներգաղթած հայերի սերունդներ, որոնք դեռևս արևմտահայ երաժշտության բացառիկ նմուշների կրողներն են: Ծրագրի ընթացքում նրանցից գրանցվել են ժողովրդական ավանդական բազմաժանր երգատեսակներ և նվագարանային ստեղծագործություններ, որոնք որպես բանավոր փոխանցվող մշակույթի դրսևորվում մշտապես ենթական են կորստի և կարիք ունեն անհապաղ պաշտպանության:

Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզի ժողովրդական երաժշտական մշակույթի բացառիկ նմուշների հայտնաբերմանն ու տարածմանը, ինչպես նաև համերգային կատարումների միջոցով երաժշտարվեստի հանրայնացմանը»,-հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ