Քաղաքական - Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է ՄԱԿ եւ ԵԱՀԿ

Ադրբեջանի ԱԳՆ-ն նամակներով դիմել է ՄԱԿ եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համախագահող երկրների ԱԳ նախարարներին եւ մնացյալ բոլոր անդամներին՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հայ վարչապետի հայտարարությունը դիտարկում է որպես իրավիճակի հետագա սրման փորձ: «Ադրբեջանի ԱԳՆ-ն նամակներով դիմել է ՄԱԿ եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համախագահող երկրների ԱԳ նախարարներին եւ մնացյալ բոլոր անդամներին, որոնցում հանգամանալից շարադրել է Փաշինյանի հայտարարությունների հետեւանքով ստեղծվող իրավիճակի վտանգավորությունը»,- ասել է Աբդուլաեւան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ադրբեջանական կողմը Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները դիտարկում է որպես «կարմիր գծից» անցում, որից այն կողմ իրավիճակի է՛լ ավելի մեծ սրումն է»,- նշել է նա:

Նախօրեին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանելով այն հարցին, թե վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Արցախը Հայաստան է, արդյոք կդառնա՞ գործընթացում ինչ-ինչ փոփոխությունների պատճառ, հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետը հստակ ձեւակերպել է հայկական կողմի դիրքորոշումը: Ասվածին ավելացնելու ոչ մի բան չկա: «Ամեն ինչ ասվել է Ստեփանակերտում: Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը հաստատել է ասվածը, կարծում եմ՝ հայտարարությունը կրկնելու անհրաժեշտություն չկա: Մեր կողմից խաղաղ գործընթացին առնչվող մոտեցումներից, մեր դիրքորոշումից, բացառապես խաղաղ լուծման մեր հանձնառությունից հեռանալու մտադրություններ չկան»,- նշել էր ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում, հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Վարչապետը մանրամասն թվարկել էր մինչեւ 2050 թվականը Հայաստանի նպատակները եւ նշել. «Շատերը կհարցնեն, թե ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ: Պատասխանը պարզ է՝ որովհետեւ Արցախը Հայաստան է: Եվ վերջ»:
news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ