Տնտեսություն - Օրինական որսը գնալու է որսագողության դաշտ, որը վերահսկելի չի լինելու. որսորդները դժգոհ են կառավարության առաջարկած փոփոխություններից

Հայաստանի որսորդները բողոքում են առաջիկա որսաշրջանի նոր պայմաններից. Կառավարությունն առաջարկում է բարձրացնել ամենամյա արտոնագրի արժեքը:

Որսորդ Էդուարդ Սարիբեկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խնդրի լուծումը փորձում է տալ «ատամ չունես, ատամնացավ չունես» ճանապարհով, այսինքն՝ ՀՀ-ում որսի մշակույթը վերացնելով։ Նրա խոսքով՝անցած տարի որսորդական միությունները Կենսառեսուրսների գործակալությունից գնել են 40 մլն դրամի թռչուն, այսինքն՝ 40 մլն դրամի լիցենզիա են վաճառել։

«Այս տարի այդ լիցենզիաների գները բարձրացել են՝ 8000 դրամից 17 040 դրամ։ Տեսչական մարմնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ինձ բացատրում է, որ այս գումարն արդարացված է, քանի որ անցած տարիներին լիցենզիաները տրվել են խախտումներով, իսկ այդ լիցենզիաները 2003 թ․-ից տվել է։ Ստացվում է՝ 16 տարի ՀՀ որսորդներին լիցենզիա են տվել օրենքի խախտմամբ։ Ովքեր գնագոյացումն արդարացնում են՝ լիցենզիաների տրման կարգն օրենքի դաշտ բերելով, ապա թող ձեռք-ձեռքի տված գնան դատախազություն ու ինքնախոստովանական ցուցմունք տան»,- ասաց նա։

Սարիբեկյանը նկատեց, որ Կառավարությունն առաջարկում է որս անել միայն շաբաթ և կիրակի օրերին, ինչն իր մեջ վտանգներ է պարունակում. որսորդական հրացանի կոտորակը 40-50 մետրի վրա վտանգավոր է, և մի դաշտում 2 որսորդ որս անելու համար մինիմում 50-100 մետր հեռավորություն պիտի պահեն։

«Եթե առաջարկվում է շաբաթ, կիրակի որս անել, իսկ լորը այնպիսի թռչուն է, որ այսօր Ապարանում է, վաղն՝ Աշտարակում է, մյուս օրն՝ Արմավիրում, իսկ հաջորդ օրն արդեն՝ Թուրքիայում, երբ որսորդներն այդ լորի խմբաքանակը գտնում են, արագ իրար զանգում են ու ասում, որ այստեղ է, և Հայաստանի բոլոր որսորդները լցվում են այդտեղ։ Ոչ մեկ չի կարա այդ մարդկանց համոզի, որ չմտնեն դաշտ, քանի որ այդ դաշտում արդեն 15 հոգի կրակում են։ Չեմ բացառում, որ առաջիկայում լինեն դժբախտ դեպքեր, որի անվան տակ ՀՀ-ում արգելեն որսը»,- շարունակեց Էդուարդ Սարիբեկյանը։

«Աղավնաբազե» ՀԿ նախագահ Հովհաննես Խնուսյանն էլ համաձայնեց Սարիբեկյանի հետ ու շարունակեց՝ նկատելով, որ յուրաքանչուր որսորդ ունի շուն։ Նրա կարծիքով՝ այս փոփոխությունները խոչընդոտելու են նաև ցեղական շնաբուծությունը։

«20 որսորդ, 20 շուն մեկ դաշտում՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի։ Կլինի այն, որ որս չի լինի, իսկ շունն էլ իր ունակությունները կորցնելու է։ Մեր մոտ որսորդական կուլտուրան պարփակելու ու վերացնելու են։ Մեզ օրինակ են բերում Արաբական երկրները, այսինքն՝ Էմիրություններում շաբաթ ու կիրակի է թողած, է՜, շաբաթ-կիրակի է թողած, որ շեյխը որսա, ստեղ ո՞վ է շեյխը։ Այս փոփոխություններով օրինավոր որսը գնալու է որսագողության դաշտ, որը վերահսկելի չի լինելու։ Երբ լուծումներից են խոսում, մեզ ասուն են, հըլը թող օրինավոր որսորդները շաբաթ-կիրակի որս անեն, ստացվում է՝ մնացած օրերին որսագողերը պիտի անեն»,- ընդգծեց Հովհաննես Խնուսյանը։

50 տարվա որսորդ Սերժ Մանուկյան էլ, ով Հայորսմիության պատվավոր անդամ է, նշեց, որ իրեն այս միության պատվավոր անդամի կոչում են տվել բնության ու շրջակա միջավայրի պաշտպանության հոդվածների համար։ Նրա գնահատմամբ՝ նման մեթոդներով որսագողության դեմ հնարավոր չէ պայքարել, քանի որ խուլիգանին ինչքան ուզում ես բարոյականության կարդալ, մեկ է՝ խուլիգան է մնում։

«Տուրիստները մի անգամ ինձ հարցրեցին, թե ինչու է գյուղերի ճանապարհին ասֆալտային թմբեր, բացատրեցի, որ դանդաղ քշելու համար է, քանի որ գյուղ է, երեխաներ և այլն։ Ինձ ասացին, եթե գյուղ է, չե՞ն գիտակցում, որ պետք է դանդաղ քշեն։ Այս օրինակով ուզում եմ ասել, որ եթե գիտակցական վերաբերմունք կա, ապա թմբեր չեն սարքում, պետք է շեշտը դնել բնության նկատմամբ գիտակցական վերաբերմունքի վրա»,- ընդգծեց Սերժ Մանուկյանը։

Որսորդները շեշտեցին, որ իրենք դեմ չեն որսագողության կամ օրենքների խախտման հետ կապված տուգանքների խստացմանը։
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ