Հասարակություն - Մայրը վերադարձրել է Գյումրիում մանկատան բակում թողած երկվորյակ տղաներին

Նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին Գյումրիի մանկատան բակում` պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները վերադարձել են կենսաբանական ընտանիք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Մամուլի ծառայությունից այլ մանրամասներ չներկայացրեցին, նշեցին միայն, որ այս ընթացքում քայլեր են ձեռնարկել օգնելու երեխաների մորը, որպեսզի նա կարողանա երեխաներին ինքնուրույն մեծացնել:

Հիշեցնենք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել էր Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մոր հետ, եւ երիտասարդ կինը հայտնել էր, որ զղջում է եւ ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին։

Մանե Թանդիլյանն էլ ասել էր, որ կաջակցի, որպեսզի կնոջ սոցիալական վիճակը բարելավվի, և երեխաները վերադառնան մոր հոգածության տակ։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ. Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաների:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Երեխաներին հանձնել էին Գյումրի համայնքի «Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝  նրանց հետագա խնամքը կազմակերպելու եւ համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ