Հասարակություն - Ամուլսարում փորձաքննության համար ՔԿ-ին տրամադրվել է 396 հազար դոլար. եզրակացության արդյունքները հայտնի կլինեն հաջորդ շաբաթ

Կառավարության նիստի մեկնարկին, նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը երբ կլինի:

Հայկ Գրիգորյանը նախ համառոտ ներկայացրեց, թե ինչ է արել այս ընթացքում միջազգային փորձագիտական խումբը:

«Հանրության լայն շերտերը շատ հետաքրքրված են քրեական գործով նշանակված փորձաքննության ընթացքի մասին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեից ավելի մեծ գումար է հատկացվել այդ փորձաքննությունը կատարելու համար: Քննչական կոմիտեին այս գործի համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվել է 396 հազար ԱՄՆ դոլար՝ «Էլարդ» ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: 2019 թվականի մարտի 15-ին Քննչական  կոմիտեի և «Էլարդի» միջև կնքվել է  համապատասխան պայմանագիր»,- նշեց Հայկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ողջամիտ ժամկետներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարույթն իրականացնող մարմնի միջոցով փորձագետներին տրամադրվել է նրանց կողմից պահանջված շուրջ 300 անուն փաստաթղթեր և տվյալներ, որից միայն փաստաթղթերը կազմել են շուրջ 20 հազար թերթ:

Գրիգորյանը տեղեկացրեց, որ փորձագետների վերջնական եզրակացությունը միայն երեկ՝ օգոստոսի 7-ի առավոտյան է թարգմանված հանձնվել Քննչական կոմիտեին։

Վարչապետի հարցին, թե ի վերջո երբ կառավարությունը կկարողանան ծանոթանալ փորձագիտական եզրակացությանը, Գրիգորյանը վարչապետից ժամանակ խնդրեց վերջնական սրբագրումների համար և խոստացավ մինչև օգոստոսի 13-ը այն ներկայացնել կառավարությանը։

«Հանրությունը պետք է իրազեկված լինի, թե մենք ինչ փաստաթուղթ ունենք, որպեսզի մեր գործողություններն էլ հասկանալի ու թափանցիկ լինեն», - արձագանքեց վարչապետը։


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ