Մշակույթ - «Արեգունի» դամբարանադաշտը կարող է տուրիստական գրավիչ վայր դառնալ, սակայն այժմ վտանգված է․ Իրենա Քալանթարյան

Տավուշի մարզկենտրոն Իջեւանից 17 կմ դեպի հարավ-արեւմուտք գտնվող Հովք գյուղի տարածքում՝ «Արեգունի» հանդամասում հայտնաբերված մթա I հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտը կարող է տուրիստական կարեւոր վայր դառնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից  Իրենա Քալանթարյանը։
Նրա խոսքով՝ այդ տարածքում 1970-ական թվականների սկզբին հայտնաբերած ածխահանքն ուսումնասիրելու նպատակով կառուցվել էր երկրաբանական ավան, որի մի քանի շենքերի ու օժանդակ շինությունների կառուցման արդյունքում մեծապես վնասվել էր շուրջ 2 հա (ըստ նախնական ուսումնասիրությունների) տարածք ունեցող դամբարանադաշտը, որը, սակայն,  Տավուշի մարզի  Հովք գյուղի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված չէ։

«Թաղման կառույցները բացառիկ են, քանի որ խցերը շարված են կտրվածքում բազմանիստ, երկայնակի քարաբեկորներով,  որոնք բերվել են մոտակա լեռներից: Նմանօրինակ թաղման կառույցներ առայժմ հայտնի չեն, ինչը հնագիտական հուշարձանը դարձնում է չափազանց կարեւոր»,-նշեց հնագետը:

Իրենա Քալանթարյանը պատմեց, որ դամբարաններից գտնված եւ հավաքված նյութերը, որոնք ներկայացված են կավանոթներով,  բրոնզե եւ սարդիոնե առարկաներով բերվել են ինստիտուտ, ուր վերականգնվել, գծանկարվել եւ լուսանկարվել են:

Նա վստահություն հայտնեց, որ դամբարանադաշտի հետագա, փրկարարական պեղումները առաջնահերթ միտված են լուծելու կարեւորագույն գիտական խնդիր․ «Ինչպես նաեւ Հայաստանում` եւ հատկապես մարզում, կնպաստեն չափազանց կարեւորվող զբոսաշրջության  ծրագրերի իրականացմանը: Ճիշտ կոնսերվացման եւ պահպանման գործընթացները տարածքը կդարձնեն հիրավի ճանաչված եւ սիրված զբոսաշրջության մի վայր»:  

Գիտնականը համոզված է՝ ունենալով հարուստ հնագիտական պոտենցիալ, պետք է փորձ կատարենք Հայաստանում եւս սկսելու հնագիտական հուշարձան (հնագիտական շրջայցների միջոցով նոր հնավայրերի բացահայտում, պեղումներ, գիտական ուսումնասիրություն, ներկայացում գիտական հրատարակություններով, հնագիտական ամառային դպրոցների պրակտիկայի ակտիվ կիրառում) տուրիստական այցելավայր (պեղված հնավայրի պահպանություն, կարեւոր եւ երեւելի հատվածների կոնսերվացում, որոշ դեպքերում բացօթյա թանգարանների, արգելոց-թանգարանների ստեղծում, եւ ինչու ոչ, որոշակի գումարի գանձում՝ հուշարձանի պահպանության եւ այլ ծախսերն հոգալու համար) կառուցվածքի կիրառման  ակտիվ փոխկապակցությունների գործընթացները»:
«Հուշարձանի մասին հստակ պատկերացում կազմելու համար զննվել են չորս ավերված դամբարաններ: Արդյունքում պարզվել է, որ թաղման կառույցները ունիկալ են՝ սարքված կտրվածքում բազմանիստ  քարաբեկորներով,  որոնք բերվել են հավանաբար մոտակա լեռներից: Նյութի նախնական քննությունը թույլ է տալիս թվագրել դամբանային կառույցները մթա I հազարամյակի առաջին կեսով (մթա VIII-Vդդ․)»,-հավելեց նա:
Իրենա Քալանթարյանը, սակայն, շեշտում է՝ վերոհիշյալ ծրագրերն իրականացնելու համար դժվար է ֆինանսավորում գտնելը ոչ միայն պեղումներ իրականացնելու, այլ նաեւ զբոսաշրջային հետաքրքիր ու գրավիչ վայր դամբարանադաշտը դարձնելու համար։

 

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ