Քաղաքական - Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կյանքի է կոչվում ՀՀ-ի էներգատրանսպորտային իզոլացման, շրջափակման ծրագիրը․ Վ․ Դավթյանը՝ Բաքու-Թեհրան-Մոսկվա գագաթնաժողովի օրակարգի մասին

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանին անհանգստացնում է առաջիկայում կայանալիք Սոչիում Բաքու, Թեհրան, Մոսկվա եռակողմ գագաթնաժողովը։ Նա շեշտեց, որ ՀՀ-ի շահերին դեմ նախագծեր են օրակարգ բերվում, օրինակ՝ Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման աշխատանքները, որոնց շրջանակներում նախատեսվում է Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացման ապահովում ադրբեջանական ենթակառուցվածքների միջոցով, և երկրորդ՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային լոգիստիկ միջանցքում ադրբեջանական բաղադրիչին համակարգված կարգավիճակ տալ:

- Պրն․ Դավթյան, օգոստոսին Սոչիում Բաքու, Թեհրան, Մոսկվա եռակողմ գագաթնաժողով է կայանալու, որի շրջանակոմ օրակարգ է բերվելու հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացման ապահովում՝ ադրբեջանական ենթակառուցվածքների միջոցով։ Սա իրենից ի՞նչ է ենթադրում, չի՞ վնասելու ՀՀ-ի շահերին։

- Ակնհայտորեն վնասելու է, քանի որ ստեղծվում է մի իրավիճակ, որում Հայաստանի մասնակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը կարող է պարզապես դեակտուալիզացվել: Առանց այդ էլ այն մեռյալ կետից չի շարժվում, թեև ունի կարևոր ինտեգրացիոն նշանակություն Հայաստանի համար: 2018 թ. ի վեր Բաքուն ակտիվ բանակցային գործընթաց է վարում Մոսկվայի ու Թեհրանի մասնակցությամբ` ուղղված Իրանի ու Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացմանն ադրբեջանական ենթակառուցվածքներով՝ էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքեր իրականացնելու նպատակով: Բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին, հավանաբար, Բաքվում: Սակայն այժմ արդեն կարող ենք ասել, որ կողմերը ձեռք են բերել սկզբունքային համաձայնություն այդ միջանցքը կյանքի կոչելու համար: Դա, իհարկե, չի նշանակում, որ կողմերը կհրաժարվեն Հայաստանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքից, սակայն, կարծում եմ, այդ նախագիծը կմնա զուտ քաղաքական հռետորաբանության տիրույթում, ինչպես ժամանակին եղավ Իրան-Հայաստան երկաթուղու հետ, որին Մոսվկան ու Թեհրանը շատ արագ կարողացան այլընտրանք գտնել: Այսպիսով, օբյեկտիվ լինելու համար պետք է նշենք, որ Բաքուն վերջին տարիներին կարողացել է ձևավորել իր էներգետիկ դիվանագիտության արդյունավետ գործիքակազմ, որն օգտագործում է թե գազատրանսպորտային, թե էլեկտրաէներգետիկ հաղորդակցություններում: Ավաղ, նման դիվանագիտական գործիքակազմ չունենք մենք և թե՛ նախկինում, թե՛ այսօր անգամ նպատակ չենք հետապնդում այն ձևավորելու: Միաժամանակ, սակայն,կառավարությունը մշակում է էներգետիկայի զարգացման ծրագիր, որում առկա է միանգամից երկու բազային խնդիր: Առաջինն այն է, որ ծրագիրը կազմվում է օտարերկրյա ինստիտուտի՝ USAID-ի կողմից, ինչն ապաանվտանգայնացնում է մեր էներգետիկ քաղաքականությունը: Երկրորդ խնդիրն, ըստ իս, նրանում է, որ էներգետիկ անվտանգության հայեցակարգի բացակայության պայմաններում  զարգացման ծրագիրը կարելի է ընդամենը որպես միջոցառումների ցանկ դիտարկել՝ առանց հեռահար անվտանգային նպատակադրումների: Սա է պատճառը, որ մենք հետզհետե կորցնում ենք տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ շուկաները՝ դրանով իսկ լրացուցիչ ռիսկեր ստեղծելով մեր էներգետիկ անվտանգության համար: Հայաստանին անհրաժեշտ է էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգ, որում հստակ կտարանջատվեն արտաքին ու ներքին, քաղաքական, տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, սոցիալական և այլ ռիսկերը: Նման հայեցակարգ մենք այսօր ձևավորում ենք «Մեկ Հայաստան»կուսակցությունում, որն անպայման կներկայացնենք մասնագիտական հանրույթին:

- Նախատեսվում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային լոգիստիկ միջանցքում ադրբեջանական բաղադրիչին համակարգային կարգավիճակ տալ, ստացվում է՝ ՀՀ-ն դուրս է մնում տարածաշրջանային այս մեծ ծրագրից։

- Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը կոչված է կապել Հյուսիսային Եվրոպան Հնդկական օվկիանոսի հետ, իր լոգիստիկայում ներառում է նաև հարավկովկասյան բաղադրիչը: Եվ երբ 2008 թթ. Մոսկվան, հայկական երկաթուղու կոնցեսիան ստանձնելուց հետո հայտարարեց Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի մասին, վերջինը դիտարկվում էր նախ և առաջ որպես Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի կարևոր մաս: Սակայն այդ երթուղին կյանքի կոչելու, դրա տնտեսական նպատակահարմարությունն ապահովելու համար անհրաժեշտ էր, որպեսզի գործարկվեր Անդրկովկասյան երկաթուղին՝ կապելով Ռուսաստանի, Աբխազիայի, Վրաստանի և Հայաստանի երկաթուղիները՝ ելք ապահովելով Ռուսաստանի համար դեպի Պարսից ծոց: Պատահական չէ, որ հենց նշված ժամանակահատվածում Մոսկվան ստանձնեց նաև աբխազական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը՝ զուգահեռաբար փակ բանակցություններ վարելով Թբիլիսիի հետ նաև վրացական երկաթուղու կառավարման մեջ որևէ դերակատարում ստանալու համար: Պատահական չէ նաև, որ հայկական երկաթուղին միանգամից վերանվանվեց Հարավկովկասյանի, ինչն ընդգծեց կոնցեսիայի աշխարհաքաղաքական նպատակը: Սակայն  5-օրյա պատերազմը թույլ չտվեց կյանքի կոչել այդ նախագիծը, ինչը հետզհետե հանգեցրեց նաև Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի սառեցմանը: Ճիշտ է, 2011-2012 թթ. ՀՀ կառավարությունը փորձում էր ամեն կերպ ներկայացնել, որ Հայաստանի հարավային երկաթուղու նախագծի իրականացմանն ուղղված քայլեր են ձեռնարկվում, սակայն ակնհայտ էր, որ թե աշխարհատնտեսական իրավիճակը, թե կառավարության կողմից ընտրված օպերատորի անհայտ ծագումը թույլ չէին տալիս լավատեսությամբ լցվել նախագծի նկատմամբ: Վերադառնալով Սոչիում կայանալիք եռակողմ գագաթնաժողովին՝ նշենք, որ դրա օրակարգային հարցերից է լինելու Իրանի ու Ադրբեջանի երկաթուղիների ինտեգրման ապահովման հարցը՝ Քազվին-Ռեշտ-Ասթարա նախագծի շրջանակներում, ինչը թույլ կտա ապահովել Ադրբեջանի և Իրանի մասնակցությունը Հյուսիս-Հարավ միջազգային լոգիստիկ միջանցքին: Այստեղ հատկապես կընդգծվի Ադրբեջանի դերը որպես միջանցքի կարևոր մասնակցի: Ակնհայտ է, որ սա չի կարող չհակասել Հայաստանի շահերին, որը մշտապես փորձում է հանդես գալ որպես Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ երթուղու կարևոր մասնակից:

- Ինչ եղավ ՀՀ-Իրան-Վրաստան-ՌԴ համաձայնագիրը, ինչո՞ւ կյանքի չի  կոչվում։

- Ինչպես արդեն նշեցի, որպես ամբողջական աշխարհատնտեսական նածագիծ և որպես քառակողմ միջանցք նախագիծը մեռյալ կետից չի շարժվում: Ենթակառուցվածքային առումով այն ունի երկու կարևոր բաղադրիչ: Առաջինն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ օդային գիծն է, որը պետք է ավարտին հասցվեր 2019 թ. հունվարին, սակայն, ինչպես գիտենք, այն դեռ 20-25%-ով է պատրաստ: Մինչդեռ դա անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն տրանսֆորմացիաները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ շուկաներում և այն, որ մեզ համար առանցքային նշանակություն ունեցող իրանական շուկայում դիրքավորվում է Ադրբեջանը:  Մյուս բաղադրիչը Հայաստան-Վրաստան օդային գիծն է՝ Դդմաշենի և Ախուրյանի ենթակայաններով: Այս ուղղությամբ աշխատանքները դեռ չեն էլ սկսվել, իսկ իշխանությունները դեռ 2018 թ. ամռանը հայտարարել են, որ պետք է վերանայեն նախագիծը: Մինչդեռ վրացական ուղղությամբ ունենք գրեթե նույնը, ինչ քիչ առաջ ներկայացրեցի՝ խոսելով իրանական շուկայի  մասին: Այստեղ հետզհետե ավելանում է Ադրբեջանի ազդեցությունը: Վրաստան ներկրվող էլեկտրաէներգիայի մեծ մասը վերջին ամիսներին իականացվում է հենց Ադրբեջանից, մինչդեռ մոտ 10 տարի առաջ Հայաստանն ապահովում էր Վրաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը: Ասեմ ավելին՝ Իրանի ու Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացմանն ուղղված աշխատանքների հետ մեկտեղ Բաքուն փորձում է նաև Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան էլեկտրաէներգետիկ օղակ ստեղծել՝ ապահովելով փոխադարձ հոսքեր և, ըստ էության, հավաքական էներգետիկ անվտանգություն: Կարծում եմ, սա ևս լուրջ մարտահրավեր է, որը մենք պետք է օբյեկտիվորեն գնահատենք՝ հաշվի առնելով Հայաստանի համար վրացական շուկայի ռազմավարական նշանակությունը:
- Ինչո՞ւ Իրանը, որը ժամանակին ՀՀ-ն էր դիտարկում էր Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կարևոր մաս, հիմա ուշադրությունը թեքել է դեպի Ադրբեջան։

- Իրանը բազմավեկտոր խաղացող է և երբեք բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չի պահում: Այս իմաստով թերևս սխալ է ասել, որ Հայաստանը սկսել է դուրս գալ Թեհրանի ուշադրության կենտրոնից: Պարզապես գոնե վերջին 15 տարիների ընթացքում մենք չկարողացանք սեփական օրակարգ ձևավորել Իրանի հետ՝ երկկողմանի հարաբերությունների մի շարք կարևոր հարցեր կապելով խոշոր աշխարհաքաղաքական դերակատարների ու նրանց շահերի հետ: Խոսքը նախ և առաջ նավթավերամշակման գործարանի, նավթամուղի, ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ի սառեցված նախագծերի մասին է: Գոնե այս երեք ուղղություններով մենք չենք իրականացրել հետևողական ու թիրախային քաղաքականություն, ինչը պրագմատիկորեն գնահատվել է Թեհրանում: Նույն մոտեցումներն այսօր առկա են նաև հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ձևավորման հարցում: Գոտին պաշտոնապես գործում է մոտ 2 տարի, սակայն դեռ որևէ հստակ արդյունք չի արձանագրել՝ չնայած իրանական կողմից բազմից հնչեցված գործնական առաջարկություններին:

- ՀՀ-ն ժամանակին համարվում էր էնեգետիկ հաբ, իսկ հիմա Ադրբեջան էլէներգիա է արտահանում Իրան ու Վրաստան, սա ի՞նչ հետևանք  է ունենալու։

- Իսկապես, խորհրդային տարիներին Հայաստանն ապահովում էր Անդրկովկասի էներգետիկ անվտանգությունը, ինչն առավելապես հնարավոր է ԱԷԿ-ի շահագործման շնորհիվ: Առ այսօր Հայաստանը, ունենալով ավելցուկային էներգետիկ հզորություններ, ի վիճակի է էլեկտրաէներգիա արտահանել արտաքին շուկաներ, ինչը թույլ կտա ապահովել հանրապետության էներգետիկ համակարգի առողջ ու արդյունավետ աշխատանքը՝ նախադրյալներ ստեղծելով նաև սոցիալակենտրոն սակագնային քաղաքականության համար: Այսպիսին է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մոդելը, որը խոշոր հաշվով իր կառուցվաքային տրամաբանությամբ չի փոխվել ԽՍՀՄ փլուզումից ի վեր: Այդ մոդելը խարսխված է նախ և առաջ ավելցուկային հզորությունների առկայության և, որպես հետևանք, արտահանման կայուն աճի սկզբունքի վրա: Ուստի, վրացական ու իրանական շուկաներում նոր խաղացողի ի հայտ գալը մարտահրավեր է Հայաստանի համար: Պատահական չէ, որ խորհրդային տարիներին փորձ էր արվում օգտագործել Հայաստանի էներգետիկ հզորությունները նաև Մերձավոր Արևելքի շուկաներում դիրքավորվելու համար: Ի դեպ, ներկայումս բանակցություններ են վարվում Սիրիայի էներգետիկ համակարգի վերականգնման հնարավոր մոդելների շուրջ: Մասնավորապես, Մոսկվան պատրաստակամություն է հայտնել այստեղ ջերմաէներգետիկ հզորություններ կառուցել, ինչպես նաև էլեկտրաէներգիա մատակարարել արտաքին շուկաներից:Այս հարցում Մոսկվան կարող է օգտագործել Հայաստանի էլեկտրաէներգետիկ ներուժը՝ ապահովելով էլեկտրաէներգիայի սվոփային մատակարարումը Հայաստան-Իրան-Իրաք-Սիրիա լոգիստիկ երթուղով, որն, ի դեպ, մշակվում էր դեռ խորհրդային տարիներին: Սակայն այս մոդելը կյանքի կոչելու համար ևս անհրաժեշտ է էներգետիկ դիվանագիտություն ունենալ՝ ուղղված արտաքին շուկաներում ազգային էներգետիկ շահի սպասարկմանը: Չեմ բացառում, որ այս հարցում ևս փորձի ակտիվանալ Ադրբեջանը, որն արդեն այս ամռանն սկսել է էլեկտրաէնեգիա արտահանել նաև դեպի Երևելյան Եվրոպա՝ փորձելով դիրքավորվել որպես միջազգային էներգետիկ դերակատար:

 -Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀ-ն գտնվում է գազամուղային և երկաթուղային շրջափակման պայմաններում։ Եթե այո, ապա ի՞նչ քայլեր պետք է արվի իշխանության կողմից։

- Այսօր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կյանքի է կոչվում Հայաստանի էներգատրանսպորտային իզոլացման, շրջափակման ծրագիրը, որն օրեցօր տարատեսակցվում է՝ արտահայտվելով ամենատարբեր նախագծերում: Կարծում եմ, որ այդ քաղաքականությանը կարելի է հակադրել վերոնշյալ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը, որը թույլ կտա Հայաստանին հանդես գալ որպես էլեկտրաէներգիայի խոշոր արտահանողի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի տարանցման կարևոր գոտի: Հյուսիս-Հարավը, այսպիսով, ինտեգրացիոն մարտահրավեր է Հայաստանի համար, որի շուրջ այսօր նկատվող պասիվությունը անթույլատրելի է ու չափազանց վտանգավոր: Հուլիս ամսին փոխվարչապետ Ավինյանը հայտարարեց, որ միջանցքը կարող է կյանքի կոչվել 2-3 տարվա ընթացքում: Նման ընդհանուր ձևակերպումները վկայում են այն բանի մասին, որ տվյալ ուղղությամբ կառավարությունը չունի հստակ ռազմավարություն: Սա, իրականում, վերջին տարիներին նկատվող էներգետիկայի ապաանվտանգայնացման քաղաքականության հետևանք է: 2016 թ.-ին կառավարությունը վերանվանեց էներգետիկայի նախարարությունը էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության, մինչդեռ էներգետիկ ամենևին չի սահմանափակվում ենթակառուցվածքներով: Էներգետիկան նաև աշխարհաքաղաքականություն է, անվտանգություն է, սոցիալական ու մարքեթինգային քաղաքականություն: Այսօր էլ էներգետիկայի նախարարության բացակայության պայմաններում, ինչն անընդունելի է վերոնշյալ խորքային էներգատրանսպորտային խնդիրներ ունեցող երկրի համար, շատ դժվար է տվյալ ոլորտում ռազմավարական լուծումներ ու հայեցակարգային մոտեցումներ ակնկալել:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ