Տնտեսություն - Առանց պայմանագրի վերանայման հնարավոր չէ նույն բյուջեով շարունակել քաղաքի աղբահանությունը․ «Սանիթեքը» պատրաստ է $4 մլն ներդրում կատարել

Առանց քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի վերանայման նույն բյուջեով հնարավոր չէ շարունակել քաղաքի աղբահանությունն աճող բնակչության պայմաններում, հատկապես, երբ ռեսուրսները գնալով սպառվում են․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչ Քնարիկ Առաքելյանը՝ ներկայացնելով 4 տարվա ընթացքում ընկերության գործունեությունը և ընթացքում առաջացած խնդիրները։

Լիբանանից ուղիղ կապով ասուլիսին մասնակցող ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը ներկայացրեց իրենց առաջարկները, որոնք կշտամբանքի փոխարեն, ըստ նրա, ավելի շահեկան կլինեն քաղաքացիների և կողմերի համար։

Նա նշեց, որ ունեն երկու առաջարկ՝ մեկը կարճաժամկետ, մյուսը՝ երկարաժամկետ։ Կարճաժամկետ առաջարկի վերաբերյալ ասաց, թե քանի որ քաղաքապետարանը ձեռք է բերել նոր աղբատար մեքենաներ, իրենք կարող են միասնական ջանքերով վերջ դնել այսօրվա վիճակին, ընկերությանը սպառված ռեսուրսների համար քննադատելու փոխարեն։ ««Սանիթեքի» թերացումները մատնացույց անել և վատաբանելու փոխարեն համատեղ ջանքերի մեկտեղումը կբերի իրադրության հանգուցալուծումը»,- ասաց նա։

Երկարաժամկետ լուծման վերաբերյալ նա ասաց, որ պատրաստ են անմիջապես կատարել 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար և ներդրում անել տարեկան 500 աղբաման ձեռք բերելու համար և հնարավորինս նորացնել ավտոպարկը։ Նա նաև ասաց, որ պատրաստ են ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ, թափանցիկություն և հորիզոնական մոնիտորինգի համակարգը ներկայացնել քաղաքապետարանին, ինչպես նաև այն, որ ստանձնում են առկա ֆինանսական պարտավորությունների վերականգնումը։   

«Սա հնարավոր կլինի այն դեպքում, եթե քաղաքապետարանը ևս պարտավորվի մշակել և ներդնել աղբի կառավարման քաղաքականություն և գործողությունների ծրագիր, իրականացնել Նուբարաշեն աղբավայրի ենթակառուցվածքների զարգացում, որի մասին խոստացել էին մեզ ամիսներ շարունակ։ Այստեղ պետք է շեշտել, որ անգամ քաղաքապետն է 2018թ-ի հոկտեմբերին եղել Նուբարաշենում, որտեղ երևում էր, թե ինչ աղետալի վիճակում է աղբավայրը։ Բացի այդ, պետք է պարտավորվի ներդնել թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականություն, ուժեղացնել կարողությունները, վերանայել վերահսկողության պայմանները, որպեսզի ավելի ուժեղ լինեն»,-ասաց նա։

Ընկերության տնօրենն ասաց, որ քաղաքապետարանին առաջարկում են վերանայել պայմանագրի արժեքը՝ ունենալով փորձագիտական վերլուծություն, որը կգնահատի «Սանիթեքի» կողմից մատուցվող ծառայությունների առևտրային արժեքը։ Նա նաև ասաց, որ առաջարկում են ընդլայնել «Սանիթեքի» հետ պայմանագրի պայմանները և հետ վճարել մինչ այս անօրինական ճանապարհով իրականացված տուգանքները։  

«Երկուշաբթի օրը որպես առաջին քայլ, կսկսենք միջազգային նախաարբիտրաժային նամակագրական շփումը ՀՀ կառավարության հետ՝ ասելով, որ մենք չենք փակում որևիցե դուռ բանակցությունները շարունակելու, որպեսզի հնարավոր լինի գտնել փոխադարձ ընդունելի լուծում, որը կլինի լավագույնը բնակչության համար»,-ասաց նա։

Նիկոլաս Թավիլը նաև ասաց, որ այս առաջարկները բազմիցս ներկայացվել են  քաղաքապետարանին՝ սկսած 2018-ի հոկտեմբերից, նույնիսկ անձամբ քաղաքապետ Մարությանին, երբ նա քաղաքապետ չէր։

Ինչ վերաբերում է ֆինանսական խնդրին, ապա ընկերության տնօրենն ասաց, որ եթե իրենք կարողանան գտնել մեկ գլոբալ լուծում, և եթե քաղաքապետարանն ընդունի արված առաջարկը, ապա Համաշխարհային բանկը համաձայն է ևս մեկ փաթեթ ներդրում կատարել։

Հարցին, թե ինչու է Երևանում ասուլիսի ներկայանալուց խուսափում, արդյոք կալանավորման սպառնալիք է տեսնում, նա պատասխանեց, որ իրենց դեմ մեդիաարշավ է իրականացվում և դա իմանալով են խուսափել։

Ընկերության փաստաբանը հիշեցրեց հարուցված քրեական գործի մասին, որը  հարկերից չարամտորեն խուսափելու գործով է հարուցվել և եթե մեղադրանք կա, ուրեմն տնօրենի նկատմամբ է այդ մեղադրանքը և հնարավոր են նաև ապօրինի խուզարկություններ իրականացվեն։

Հարցին, թե ինչքանով են պատրաստվում ավելացնել պայմանագրով ծառայությունների արժեքը, տնօրենը նշեց, որ այս պահին կոնկրետ չի կարող որևէ բան ասել։ «Լավագույնը, որ սպասում ենք, այն է, որ նրանք դուրս կգան կոնտակտի, եթե չլինի պատասխան, մեր հաջորդ քայլը ինչպես ասացի կլինի արբիտրաժ դիմելը»,- ասաց նա և նշեց, որ առաջարկները, որոնք ներկայացվել են, նաև հանդիպումների ժամանակ են ներկայացվել, բայց մնացել են անպատասխան։

«Քաղաքապետարանի հետ բանակցությունների ժամանակ ներկայացվել են, թե որքանով պետք է աղբատար մեքենաները տրվեն վարձակալության, բայց մինչ օրս ոչ մի լուծում ու պատասխան չկա»,-ասաց նա։


tert.am



Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ