Տնտեսություն - Կառավարությունը պետք է հայտարարի, թե ինչ ջանքեր է գործադրում խնդրի լուծման ուղղությամբ և նախազգուշացնի ավտոներմուծողներին. Միքայել Մելքումյան

ՀՀ կառավարությունը պետք է հստակ ուղերձներ հղի ավտոներկրողներին և ասի,  որ հունվարի 1-ից հետո իրավիճակը փոխվում է, բայց մինչև դա հստակ քայլեր պիտի ձեռնարկի այդ ուղղությամբ․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով 2020-ի հունվարից մեքենաների մաքսազերծման գնի ավելացմանը։

Ինչպես արդեն հայտնի է 2020 թվականից մեքենայի մաքսազերծման գինն ավելանալու է, քանի որ  2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ):

«Այսինքն՝ պետք է սպասել ոչ թե մինչև հունվարի 1-ը  և հունվարի 1-ից ասել՝ այսպես է,  այլ այժմ կառավարությունն այս ոլորտի զբաղվածներին և ձեռնարկատերերին  հստակ մեսիջներ պիտի ուղղի: Գաղտնիք չէ, որ այս ամիսներին հսկայական ներկրումներ են տեղի ունենում, այդ ներկրումները կարող են տևել ամիսներ, մինչև պատվերը գա հասնի: Մարդիկ պիտի նախօրոք ծրագրավորեն իրենց բիզնեսները, իմանան՝ եթե պատվիրեն հոկտեմբերին, արդյոք կհասցնե՞ն մինչև հունվար բերել Հայաստան, թե ոչ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը:

Մելքումյանն ասաց նաև, թե հասկանալի է, որ այս պահին այդ երկարաձգումը չի լինելու, իսկ եթե լինելու է, ապա թող կառավարությունն ասի, թե ինչ բանակցություններ են վարում և ինչ ջանքեր են ներդնում :

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ ՀՀ կառավարության կողմից դավադրություն է տեսնում, քանի որ հայ օգտատիրոջ համար անհասանելի են ճապոնական և շուտով ամերիկյան երկրորդական շուկայի այն կայքերը, որտեղից քաղաքացիները կարողանում էին աճուրդով մեքենա ձեռք բերել:

Հարցին՝ ինքը նույնպես դիտավորություն տեսնում է, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարող դիտավորության մասին որևէ բան ասել,  որովհետև ես հետո տեսա, որ այն միջանկյալ օղակները, որոնք կազմակերպում են մեքենայի տեղափոխումը և ներկրումը, ըստ երևույթին՝  նրանք էլ իրենց ռիսկերն են գնահատում, ըստ այդմ, կարող եմ ասել, որ դիտավորություն չեմ նկատում: Բայց, քանի որ գործընթացը  շարունակություն է ունենալու և այդ մարդիկ էլի դուրս են գալու իրենց խնդրին լուծում պահանջելու նպատակով, ապա կառավարությունն այդ մարդկանց հստակ պատասխան պիտի տա: Առաջինը՝ ազգային օրենսդրությունը. չէ՞ որ եթե ԵԱՏՄ-ում չի փոխվում, շատ հնարավոր է, որ ազգային օրենսդրությունը ԱԱՀ-ի մասով ինչ-որ  լուծումներ տա ու մեղմացնի», ընդգծեց Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, կառավարությունն այժմ պետք է հայտարարի, որ բոլոր ջանքերը սպառված են և հունվարի մեկից հետո ժամկետի երկարացում չի լինելու, որից հետո  պետք է անցնել 2-րդ կետին՝ ազգային օրենսդրությանը, որին ինքն անձամբ պատրաստ է օժանդակել:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ