Հասարակություն - Այսօր Լիսաբոնի հինգ հայորդիների քաջագործության օրն է

Լիսբոն 5 (նաև հայտնի են որպես՝ Lisbon 5, Լիսբոնյան հնգյակ), 1983 թվականի հուլիսի 27-ին աշխարհի ուշադրությունը Հայ դատին սևեռելու նպատակով Հայ Հեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոնի Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը հարձակվում են թուրքական դեսպանատան վրա:
Ականատեսները պատմում են, որ զինված մարդիկ դեսպանատան մոտ երևացել են 10:30-ի սահմաններում՝ երկու Ford Escorts մակնիշի ավտոմեքենաներով՝ կարմիր և սպիտակ, որոնցից կարմիրը կայանվել է դրսում, իսկ սպիտակ մեքենան շարունակել է ուղին դեսպանության շենք տանող ճանապարհով։ Մեքենան կասկածներ է առաջացրել դեսպանատան անվտանգության աշխատակիցների մոտ, քանի որ նկատվել էր դեսպանատան շենքի դիմաց դրանից մեկ օր առաջ:
Գործողության նախորդ օրը վեճ էր բռնկվել մեքնայով ժամանած երկու տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև։ Մեքենայով ժամանածները պնդել էին, որ եկել են մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն երբ անվտանգության աշխատակիցները պահանջել էին ցույց տալ անձնագրերը, երիտասարդները հապճեպ հեռացել էին։

Այս միջադեպի պատճառով թուրքական դեսպանատունը Պորտուգալիայի իշխանություններից խնդրել էր ուժեղացնել դեսպանատան պաշտպանությունը, արդյունքում հարձակման օրը ևս մեկ ոստիկան էր ավելացել դեսպանատան շենքի արտաքին պահակակետում։
1983 թ. հուլիսի 27-ին հայ հինգ երիտասարդները ժամանում են Պորտուգալիայում թուրքական դեսպանատան մոտ՝ երկու ամբողջովին պայթուցիկներով լցված մեքենաներով։ Երիտասարդները նախօրոք ծրագրել էին գրավել դեսպանատան շենքը, գերեվարել թուրք դեսպանին՝ այդ քայլով կարողանալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտման վրա։ Սակայն հայ վրիժառուներին չի հաջողվում մտնել դեսպանատան շենք։ Շենք ներխուժելու փորձի ժամանակ սկսված փոխհրաձգության ժամանակ սպանվում է Սիմոն Յահնիյանը։

Ողջ մնացած 4 հայ երիտասարդները շտապում են դեսպանության շենքին հարակից դեսպանի նստավայր, ներխուժում շենք և գերեվարում շենքում գտնվող գործերի հավատարմատարի կնոջը և տղային։ Այն սենյակը, որտեղ պահվում էին գերիները, գրոհայինները շրջապատում են պայթուցիկներով։ Նրանք սպառնում էին պայթեցնել շենքը, եթե ոստիկանությունը փորձի գրոհել այն։

Շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը։ Պորտուգալիայի կառավարությունը վարչապետ Մարիո Սուարեսի գլխավորությամբ գումարում է արտակարգ նիստ, որի ընթացքում որոշվում է առաջին անգամ օգտագործել նոր կազմավորված ոստիկանական էլիտար ջոկատը։

Նախքան հատուկ ջոկատայինների գրոհը սկսելը շենքում հրդեհ է բռնկվում։ Ապա լսվում են պայթյունի ձայներ։ Հայ վրիժառուները գերիներին բաց թողնելուց հետո պայթեցնում են իրենց։

Կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնեց Հայ Հեղափոխական Բանակը (ՀՀԲ)։ ՀՀԲ-ի կողմից ստորագրված ԶԼՄ-ներին ուղարկված տպագիր հաղորդագրության մեջ ասվում էր.

«Իմացեք` մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ փլատակների տակ։ Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ։ Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները։ Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»։

Տղաների մարմինները ամփոփվեցին Բեյրութի հայկական գերեզմանատանը։

Աղբյուրը՝ Վիքիպեդիա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ