Տնտեսություն - Սեւանա լճում էվտրոֆիկացիա է տեղի ունենում. փորձագետ

Սեւանա լճում ակտիվորեն ճահճացում է ընթանում, այսինքն՝ էվտրոֆիկացիայի գործընթաց:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը:

Մինասյանը նշեց մի քանի պատճառ՝ ջրի մակարդակի նվազեցում, 2002 թվականից ջրի տակ մնացել է մոտ 4000 հեկտար չմաքրված մակերես:

«Ընդ որում, ջրի տակ մեծ մասն անտառային հողեր են: Սակայն ամենակարեւոր գործոնը՝ լճում խախտվել է սննդային շղթան, եւ դրա պատճառով էկոհամակարգը սխալ է գործում: Այսինքն՝ ձկների բացակայությունը եւս ազդում է տեղի ունեցող գործընթացի վրա»,- նշեց Մինասյանը:

Փորձագետը տվյալ իրավիճակը լուծելու համար մի քանի միջոց առաջարկեց.

«Նախ պետք է տարեցտարի բարձրացնել ջրի մակարդակը՝ նախկին մակարդակին հասնելու համար, այսինքն՝ մինչեւ 1937 սմ: Ինչպես նաեւ անհրաժեշտ է մաքրել անտառները, այն հատվածները, որոնք զբաղեցնում են մոտ 800 հեկտար տարածք: Վարչապետի որոշմամբ՝ լիճը կմաքրվի մոտ 2 տարում: Առաջին հերթին անհրաժեշտ է մաքրող սարքեր կառուցել, եւ վերջին հաշվով պետք է վերադարձնել ձկների պոպուլյացիան: Առանց ձկների ջուրը չի մաքրվի»:

Մինասյանի խոսքով՝ չկան իրական կանխատեսումներ, թե ինչ վիճակում կլինի Սեւանը: Նրա գնահատմամբ՝ դրա պատճառը համակարգված մոնիթորինգի բացակայությունն է:

«Ներկա պահին չկան մասնագետներ, որոնք որոշում կկայացնեն: Ինչպես նաեւ բացակայում են Սեւանի համար ջրի որակի ստանդարտներն ու նորմերը»,- հավելեց փորձագետը:  

Փորձագետը նաեւ նշեց, որ որակի ստանդարտը կառավարման գործիք է: Ոչ ոք չի կարող ասել՝ որքան պետք է լճում լինեն ֆոսֆոր եւ այլ քիմիական տարրեր: Մեկ ստանդարտով դա լավ է, մյուսով՝ վատ:

Խնդրի լուծման համար Մինասյանն առաջարկում է Սեւանի համար ընդհանուր ստանդարտներ մտցնել:

Գիտնականի կարծիքով՝ անհրաժեշտ է նորից մոդելավորել լճի համակարգը, քանի որ դեռեւս 60-ական թթ. աշխատել են ԽՍՀՄ գիտնականներ, շատ ինստիտուտներ մասնակցել են այդ գործին: Նրանք այդ ժամանակ կարողացել են մոդելավորել լճի էկոհամակարգը: Ընդ որում, եզարակացրել են, որ ջրի մակարդակը պետք է լինի 1903 մ, որպեսզի ջրում էվտրոֆիկացիան դադարեցվի: Սակայն Մինասյանը պնդում է, որ այդ ժամանակվա եւ այժմյան պայմանները տարբեր են: Այդ ժամանակ լճում բավարար քանակությամբ մակրոֆիտներ կային:

«Իսկ այժմ անհրաժեշտ է նորից մոդելավորել եւ մասնագետների ներգրավվել: Եվ հստակ տվյալների հիմքով իրական քայլեր անել»,- եզրափակեց փորձագետը:
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ