Տնտեսություն - Քննչական կոմիտեի փորձագետների համար Ամուլսարի մուտքն ազատ կլինի. Ամուլսարի պաշտպանները հանդիպել են ՔԿ անդամների հետ

Ամուլսարի պաշտպանները հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի անդամների հետ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ամուլսարում ակցիաների մասնակից, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

«Կարող եմ ասել, որ հանդիպումը եղել է շատ կառուցողական մթնոլորտում, մենք էլ ունեինք փաստեր, որ կարող ենք հիմնավորել, թե ինչի համար չենք ուզում, որ Ամուլսարում հանք լինի: Մեզ ասացին, թե քանի որ «Լիդիանի Արմենիայի» նկատմամբ քրեական գործ կա հարուցված՝ ապօրինի ընդերք օգտագործման հետ կապված, այս պահին նպատակահարմար չէ, որ մանրամասնենք զրույցը, բայց մենք բնակիչ ենք, տարածքին ավելի ծանոթ ենք, ունենք փաստեր, որ տրամադրել ենք Քննչական կոմիտեին, որը հաստատ գործին կօգնի: Պայմանավորվել ենք՝ ինչով կարող ենք՝ օգնել, մենք պատրաստ ենք համագործակցել, որ ավելի արագ ու ավելի արդյունավետ աշխատի»,-ասաց նա:  

Շիրակ Բունիաթյանը նշեց` պայմանավորվել են, որ երբ հարմար լինի իրենց փորձագիտություն անցկացնելու համար՝ գան և գնան Ամուլսար: «Քննչական կոմիտեի փորձագետների համար մուտքն ազատ կլինի»,- ասաց նա:

Հուլիսի 13-ին փորձագետների աշխատանքները խոչընդոտելու հետ կապված էլ ասաց, որ պարզաբանել են, որ նպատակ չեն ունեցել խոչընդոտել կոմիտեի աշխատանքը. «Ուղղակի նախ ոստիկանները կոպիտ են վերաբերվել հենց սկզբից, և երկրորդը՝ տեղական փորձագետները եկել էին Լիդիանին պատկանող մեքենաներով և դա բնակչության մոտ զայրույթ էր հարուցել, բայց նպատակ չենք ունեցել Քննաչական կոմիտեի աշխատանքները խոչընդոտել»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում դեռ 2018 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ Ամուլսարի ծրագրի նախագծի փորձաքննության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

Հարցին, թե հանդիպումից հետո արդեն փորձագետներին վստահո՞ւմ են, Շիրակ Բունիաթյանն ասաց, որ խնդիրն այն չէ՝ վստահո՞ւմ են, թե ոչ: «Դա այն մարմինն է, որ մինչև այս պահն անաչառ է եղել և մենք խնդիր չունենք այդ պետական մարմնի հետ, որ ինչ-որ տարաձայնությունների գանք, չենք տեսել կողմնապահություն կամ այլ բան, որ պատճառ լինի խանգարենք իրենց, ուղղակի այդ օրը անկախ ամեն ինչից խոչընդոտվեց նրանց սարը բարձրանալ, բայց նպատակը դա չի եղել»,- ասաց նա և նշեց, որ հաջորդ այցի համար օր դեռ չի որոշվել, ուղղակի ասել են, որ բնակչության կողմից խոչընդոտներ չեն լինի:

Ջերմուկի բնակիչն ասաց, որ ձևաչափը Քննչական կոմիտեն կորոշի, թե ՔԿ-ի հետ քանի փորձագետ կլինի: Հարցին, թե կողմերից նույնպես կներգրավե՞ն աշխատանքներին, պատասխանեց, թե պարզաբանել են, քանի որ «Լիդիան Արմենիայի» աշխատողները տարածքին ծանոթ են, իրենց սեփականությունն է և ի վերջո քրեական գործերն իրենց դեմ է՝ նրանցից մեկ կամ երկու հոգի իրենց հետ կլինի. «Բայց փորձաքննության գործընթացին Լիդիանը չի մասնակցում»,- ասաց նա:

Ի պատասխան հարցի, թե միջազգային փորձագետների եզրակացություններից ինչ են տեղյակ, արդյոք ծանոթացել են ՔԿ-ին փոխանցված այդ եզրակացությանը, բնակիչն ասաց, որ միջազգային փորձաքննության արդյունքները չեն ենթադրում, որ դա որոշում է, որ եթե Ամուլսարում ռիսկ չկա, ուրեմն հանքը կշահագործվի:

«Դա քրեական գործի շրջանակներում է արվել, հասկանալու, թե բնապահպանության ոլորտի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ արդյոք միտումնավոր թաքցրե՞լ են Ամուլսարում հանքարդյունաբերության ռիսկերը, այսինքն՝ ընդամենը փորձաքննությունը պետք է տար պատասխան՝ կա՞ն այդ ռիսկերը, թե ոչ: Այդ եզրակացության հարցը մի քիչ շատ է օգտագործվում, որ հենց փորձաքննությունը պատրաստ լինի, կորոշվի՝ հանք լինելո՞ւ է, թե ոչ: Իհարկե, դա կարող է ազդել որոշման վրա, բայց հիմնաքարը դա չի լինելու, հիմնաքարը լինելու է ժողովրդավարությունը: Ամուլսարում այդ փորձաքննությունն ընդհանրապես կապ չունի, դա բնապահպանության մի քանի պաշտոնյանների վրա հարուցված քրեական գործի շրջանակներում է արվել»,- ասաց նա և հավելեց, որ տեղյակ էլ չեն, թե, այդուհանդերձ, ինչ եզրակացություն է տրվել:

«Դա մեր ֆունկցիան չէ, չենք կարող տեղյակ լինել, քանի դեռ Քննչական կոմիտեն չի հրապարկել»,-եզրափակեց նա:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ