Տնտեսություն - Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ:

Նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ  մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում հուլիսի 23-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա մատակարարված սննդամթերքի տեսականին եղել է թերի և անորակ:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայտով պահանջված 10 կգ պղպեղը և 50 կգ կշռով խնձորն ուղղակի բացակայել են, իսկ 40 կգ միսը մատակարարվել է սառնարանային պայմաններ չունեցող տրանսպորտային միջոցով: Մսի արտաքին տեսքի զննությամբ պարզվել է, որ այն ունի գույնի փոփոխություն, առկա են շագանակագույն կտորներ, տհաճ հոտ, մկաններն ու ջլերը մուգ դեղնավուն են եղել:
Հաշվի առնելով ներկայացված փաստերը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պայմանագրի համաձայն, եռօրյա ժամկետ է սահմանել մատակարար «Ֆոտոն» ՍՊԸ-ի համար՝ ներկայացված թերությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկելու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ համակարգում գործող հաստատություններին մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական և քանակական համապատասխանությունը պայմանագրերով սահմանված տեխնիկական բնութագրերին լինելու է նախարարության համապատասխան բաժինների ուշադրության կենտրոնում: Վերհանված թերությունները ողջամիտ ժամկետում չվերացնելու դեպքում նախարարությունը դիմելու է պայմանագրերով նախատեսված պատժամիջոցներին:


 Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ