Քաղաքական - ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Գյուլիստանից դեպի հարավ հատվածում. Ադրբեջանական կողմը առաքելությանը դուրս չի բերել դիրքեր

Հուլիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Միխայիլ Օլարուն (Մոլդովա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ