Հասարակություն - ՀՀ-ում հանցագործությունների թիվն աճել է 9 տոկոսով․ ոստիկանության շտաբի պետ

«Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում հանցագործությունների թիվն աճել է 9 տոկոսով կամ 1007 դեպքով, ինչը պայմանավորված է գողությունների աճով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ աճի մոտ 95 տոկոսը բաժին է ընկնում Քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված մասնավոր գանգատի դեպքերի շարքին դասվող գողություններին, այսինքն՝ ոչ մեծ ծանրության գողություններին։

«Դեպքերի քանակական աճի վրա որոշակի ազդեցություն է գործել նաև համաներմամբ ազատ արձակվածների կողմից նոր հանցագործությունների կատարման փաստը։ Ազատ արձակված 658 անձանցից 178-ը համաներումից հետո կրկին հանցագործություն են կատարել»,- մանրամասնեց Ղուկասյանը։

Հանդիպմանը ներկա Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հավելեց, որ, ըստ արդարադատության նախարարի տվյալների, բացի համաներումից ազատվածների՝ 1248 նախկին կալանավոր դրսում է եղել, որոնցից ևս կրկնակի հանցագործություններ կատարողներ են եղել։

Արմեն Ղուկասյանը հայտնեց նաև, որ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նույնպես աճել է՝ 35-ով, որոնք հիմնականում թմրամիջոցների մաքսանենգ ճանապարհով անցկացման դեպքերն են։

«Աճել է նաև ծանր հանցագործությունների թիվը՝ 253-ով, ինչը պայմանավորված է բնակարանային գողությունների ու կաշառքի դեպքերով: Աճել են սպանության և սպանության փորձերի, գողության, ավազակության, խարդախության, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերը: Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը, այդ թվում՝ բռնաբարության»,- հավելեց նա։


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ